Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Դաշինքը կպաշտպանի Թուրքիային»


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

Թուրք-սիրիական սահմանին ծավալվող իրադարձությունների, մասնավորաբար, ռուսական օդուժի կողմից Թուրքիայի սահմանի խախտումների ֆոնին, Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է պաշտպանել իր առանցքային անդամներից մեկը հանդիսացող Թուրքիային։ Այս մասին այսօր Բրյուսելում ` NATO-ի պաշտպանության նախարարների հավաքի ավարտին հայտարարեց դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք Սիրիայում Ռուսաստանի աճող ռազմական ակտիվության ականատեսը դարձանք: Նախարարները միակարծիք էին, որ այդ ակտիվացումը մտահոգիչ է: Կոչ ենք անում Ռուսաստանին ավելի կառուցողական, համագործակցելուն հակված դերակատարություն ստանձնել «Իրաքի և Սիրիայի իսլամական պետության» դեմ պայքարում` դադարեցնելով Ասադի վարչակազմին ցուցաբերվող աջակցությունը: Նման աջակցությունը օգտակար չէ: Թուրքական օդային սահմանների վերջին խախտումները անթույլատրելի են, և դաշինքը իր հաստատակամ համերաշխությունն է հայտնում Թուրքիային»,- հայտարարեց Ստոլտենբերգը:

Նրա խոսքով ցանկացած իր անդամի, ներառյալ Թուրքիայի պաշտպանության հարցում Հյուիսիսատլանտյան դաշինքը շատ հետևողական է լինելու:

«ՆԱՏՕ-ն պատրաստ է ցանկացած վտանգից պաշտպանել իր բոլոր դաշնակիցներին: Դա, բնականաբար, վերաբերում է նաև Թուրքիային: Մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ի հարավային սահմանների երկայնքով` Սիրիայում և Իրաքում, իրավիճակը գնալով ավելի է սրվում: Սա է պատճառը, որ մենք որոշեցինք ավելացնել մեր ուժերի մարտական պատրաստության մակարդակը: Այս քայլի իմաստը հետևյալն է. մեծացնելով պատրաստության մակարդակը՝ մենք ի վիճակի կլինենք անհրաժեշտության դեպքում ուժեր տեղակայել հարավում կամ արևելքում»,- հայտարարեց Ստոլտենբերգը:

Հյուսիս-Ատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով՝ առայժմ ցամաքային ուժերի` Թուրքիայում տեղակայման մասին խոսք չկա, չնայած դրան ՆԱՏՕ-ի ուժերի մարտական բարձր պատրաստության մակարդակը ենթադրում է, որ դրանց տեղակայումը ցանկացած տարածաշրջանում կարող է ավարտվել 48 ժամվա ընթացքում:

«Թուրքիան հզոր դաշնակից է: Այն դաշինքում մեծությամբ երկրորդ բանակն ունի: Չնայած դրան՝ մենք աջակցում ենք Թուրքիային: Մեր շփումները թուրքական կառավարության հետ չեն դադարում, և եթե անհրաժեշտ լինի, ապա նաև ուժեր կուղարկենք [Թուրքիա]»,-ասաց դաշինքի գլխավոր քարտուղարը։

Սրան զուգահեռ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը առաջարկել է ռուսական կողմին համատեղ խումբ ստեղծել, որը կհամակարգի Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող այն գործողությունները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Թուրքիային: Այս մասին տեղեկացնում է Zaman օրաթերթը` վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության աղբյուրներին: Համագործակցության առաջարկներին զուգահեռ թուրքական իշխանությունները քննադատում են Մոսկվային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG