Մատչելիության հղումներ

logo-print

Քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեխայի մահացած ծնվելու դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ 2015 թվականի սեպտեմբերի 27-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել քաղաքացի Ռ. Գրիգորյանից առ այն, որ անհրաժեշտ բժշկական միջամտությունն ուշացնելու հետևանքով իրենց առողջ զավակը ծնվել է մահացած։

«Ըստ դիմումատուի՝ կինը, լինելով հղի, հաշվառված է եղել Աբովյանի ծննդատանը, որտեղ կատարվել են հղիության ընթացքի ստուգումներ: Օգոստոսին կատարված սոնոգրաֆիայի արդյունքում պարզվել է, որ պտուղը մոր արգանդում պտտվել է և գտնվում է հետույքային առաջադիմության դիրքում, սակայն պտղի զարգացումը եղել է նորմալ, և բժիշկը որոշել է ծնունդն ընդունել կեսարյան հատումով: 2015 թ. սեպտեմբերի 15-ին կնոջ մոտ ցավեր են սկսվել: Բժիշկը, տեղեկանալով այդ մասին, որոշել է նույն օրը՝ ժամը 22-ին, կատարել կեսարյան հատում, սակայն սկսվել են ծննդաբերության բնական ցավեր: Արդյունքում կեսարյան հատում չի կատարվել, որի հետևանքով պտուղը ծնվել է մահացած», - ասված է հաղորդագրությունում:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ», ինչի համար սահմանված է 2-ից մինչև 6 տարվա ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարով կամ առանց դրա:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG