Մատչելիության հղումներ

Դեսպան․ Մեծ Բրիտանիան ցանկանում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցային գործընթացին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Միացյալ Թագավորության հետ միջպետական կապերի ամրապնդման, գործակցության ընդլայնման և երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար առկա են բոլոր նախադրյալները: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ երեկ ընդունելով Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հավատարմագրերը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը կներդնի բոլոր ջանքերը հայ-բրիտանական միջպետական օրակարգը նոր նախաձեռնություններով ավելի հարստացնելու և առաջ մղելու ուղղությամբ:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական համագործակցությունը, որում, զրուցակիցների համոզմամբ, մեծ է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի ավանդը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ խորհրդարանականների միջև ակտիվ շփումներն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական խորհրդակցությունների անցկացման դինամիկան կշարունակվեն նաև ՄԹ խորհրդարանում ձևավորվելիք նոր բարեկամության խմբի հետ: Հայաստանի նախագահը միջխորհրդարանական և առհասարակ հայ-բրիտանական կապերի զարգացման գործում ընդգծել է բարոնուհի Քերոլայն Քոքսի մեծ ներդրումը, ով նաև Լեռնային Ղարաբաղ այցերի լավ ավանդույթ ստեղծեց:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման մասնակիցները բարձր են գնահատել նաև պաշտպանության ոլորտում ձևավորված հայ-բրիտանական համագործակցությունը` այդ առումով կարևոր ձեռքբերում համարելով 2014 թվականի սեպտեմբերին Երևանում կայացած քննարկումներն ու ռազմական համագործակցության պլանի ստորագրումը:

Սերժ Սարգսյանը և Ջուդիթ Ֆարնուորթը մեծապես կարևորել են համագործակցությունը առևտրատնտեսական ոլորտում և միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ու այլ կազմակերպությունների շրջանակներում:

Ջուդիթ Ֆարնուորթն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան ուշադրությամբ հետևում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությանը և ցանկանում է բոլոր միջոցներով աջակցել այդ ձևաչափով տեղի ունեցող խաղաղ բանակցային գործընթացին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այլ հարցերում Մեծ Բրիտանիայի անկողմնակալ դիրքորոշման համար:

Միացյալ Թագավորության դեսպանը նշել է, որ իր երկիրը պատրաստակամ է առաջատար դեր ստանձնել Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցությունը կարգավորող նոր իրավական շրջանակի ձևավորման հարցում, որը, նրա համոզմամբ, կարող է շարժիչ ուժ հանդիսանալ ինչպես հայ-բրիտանական երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունն առաջ մղելու և զարգացնելու գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG