Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը Քոչարյանից սահմանադրական փոփոխությունները տապալելու վտանգ չի սպասում


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ

Գալուստ Սահակյանը չի կարծում, թե երկրորդ նախագահի ասածը ավելին է, քան «Ոչ»-ի ճակատի հակափաստարկները։

Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որտեղ երկրորդ նախագահը պնդել էր, թե Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները ծայրահեղ վտանգավոր են՝ դրանք արատավոր համակարգի վերարտադրման գործիք որակելով, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ասաց՝ չի կարծում, թե համակարգը արատավոր է։

«Չեմ կարծում, որ համակարգը այնպիսին է, և այնպես լարված է, որ կարելի է նման գնահատական տալ։ Ես չեմ կարծում, որ դա հարված է, կամ քննադատության այն ծիրն է, որն ավելին է, քան «Ոչ»-ն է ասում»,- ասաց Սահակյանը։

Սահմանադրական փոփոխությունները տապալելու վտանգ Գալուստ Սահակյանը Ռոբերտ Քոչարյանից չի սպասում։ «Հայը հայից վտանգ չի սպասում»,- ասում է նա։

Բավական լուրջ քաղաքական գործիչ է, սակայն այս պահին թիմ չունի, փաստարկում է ԱԺ նախագահը։ «Հանրապետականը որևէ քաղաքական ուժի հետ ոչ քաղաքական, ոչ էլ ուղիղ պատերազմի որևիցե նպատակ չունի», - ասում է նա։

Լրագրողների դիտարկմանը, թե նման պատերազմ եղավ Գագիկ Ծառուկյանին, և կարո՞ղ են արդյոք որոշել «բամփել» նաև Քոչարյանին, Սահակյանը արձագանքեց.- «Մենք երբևիցե չենք որոշում, իսկ բամփվում են նրանք, որոնք դրա կարիքն ունեն»։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի «Ոչ»-ի ճակատի դիրքորոշմանը համընկնող Քոչարյանի քննադատությունը, պատասխանեց.- «Ոչ թե գրեթե նույն բանն է ասել, այլ ուղիղ նույն բանն է ասել, ինչ մենք արդեն ամիսներ շարունակ ասում ենք։ Գիտեք, անկախ նրանից՝ ով է հնչեցնում այդ գնահատականը, այն ճշմարտություն է»։

Պատասխանելով «Ոչ»-ի ճակատի և Քոչարյանի միջև հնարավոր համագործակցության մասին հարցին, Զուրաբյանն ասաց՝ այդ հարցադրումը արհեստական և մտացածին է համարում.- «Որովհետև նա ոչ մի քաղական քայլ չի կատարել։ Եթե ինչ-որ քայլեր կանի, այդ ժամանակ հարցրեք»։

«Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանն այժմ փորձում է հասկանալ, թե կարող է արդյոք ընդդիմադիր դաշտում գործելու հնարավորություն ունենալ։ Սակայն վերջինիս հետ համագործակցությունը ընդդիմադիր պատգամավորը բացառում է բոլոր նրանց համար, ովքեր իշխանափոխության հստակ օրակարգ ունեն։

Փոստանջյանը նկատում է՝ Քոչարյանի «Ոչ»-ը սահմանադրական փոփոխություններին ամենևին չի նշանակում, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն այժմ տարբեր ճակատներում են և միմյանց դեմ են դուրս գալու: Չբացառելով պայմանավորված խաղի հնարավորությունը՝ ընդդիմադիր պատգամավորը նկատեց.- «Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելը դեռ տարբեր ճամբարներ չեն, տարբեր կլինեն ճամբարները, երբ Ռոբերտ Քոչարյանը կասի՝ ես համաձայն եմ նստել մեղադրյալի աթոռին, իմ նկատմամբ թող տեղի ունենա արդարադատություն, թող պարզենք, թե ինչ տեղի ունեցավ, երբ իշխանագողությամբ փոխանցվեց իշխանությունը Սերժ Սարգսյանին։ 2008-ի մարտի 1-ի մասին եմ խոսում»։

Քոչարյանի իշխանության տարիներին կոալիցիոն կառավարության անդամ Դաշնակցություն խմբակցությունից Արծվիկ Մինասյանն ասում է՝ իրենց համար ընդունելի չէ երկրորդ նախագահի քննադատությունը Սահմանադրության նախագծի վերաբերյալ, առավել ևս դրա համեմատությունը Խորհրդային Միության գլխավոր օրենքի հետ: Միակուսակցականության վտանգ Դաշնակցությունը չի տեսնում, հակառակը՝ կարծում է, որ նոր նախագիծը ամրապնդում է ժողովրդավարությունն ու բազմակուսակցական համակարգը։ Մինասյանը կարծում է՝ եթե երկրորդ նախագահը վերընթերցի նախագծի վերջնական տարբերակը, ապա կվերանայի մոտեցումները:

«Ես կարծում եմ, որ սա ավելի շատ նախագահ Քոչարյանի համոզմունքների դաշտից է, այլ ոչ թե անձնավորված կամ ինչ-որ մի կառավարման մոդելի թշնամական վերաբերմունքի արտահայտություն է։ Վստահաբար այդպիսի բան չկա, և քանի որ նախագահ Քոչարյանը նաև հայտնի է իր բավական արդյունավետությանը միտված քաղաքական նախաձեռնություններով, ես կարծում եմ, որ եթե ևս մեկ անգամ ընթերցի վերջին տարբերակը, շատ մոտեցումներ կվերանայի»,- ասաց Մինասյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց՝ չի կարդացել Քոչարյանի հրապարակված հարցազրույցը.- «Ես վերապատմելով հարցազրույցներ չեմ մեկնաբանում»։

XS
SM
MD
LG