Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում արված ստուգումների մասին դեռ տեղեկություններ չկան


ՀԱԿ խմբակցության անդամները ԱԺ նիստի ժամանակ, արխիվ

ՀԱԿ խմբակցության անդամները ԱԺ նիստի ժամանակ, արխիվ

Այսօր խորհրդարանում կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները հարցեր ուղղեցին գործադիր իշխանության ներկայացուցիչներին:

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետից դարձյալ փորձեց ճշտել՝ ի՞նչ են պարզել ստուգումները Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում։ Ընդդիմադիր պատգամավորը մեջբերեց հատված՝ Սերժ Սարգսյանի փետրվարյան հայտարարությունից․

«Շարունակում են օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործությունները պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմներ հիմնելու մասին չստուգված լուրերը, և ասել է (խոսքը վերաբերում է Գագիկ Ծառուկյանին), որ Անվտանգության խորհրդի նիստ կլինի և իրավապահ համակարգի հետ համապատասխան անդրադարձ կլինի»,- հիշեցրեց Փաշինյանը:

Ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։

«Տեղեկատվությունը կարող է հրապարակվել միայն դրանց կատարման ավարտից հետո, արդյունքների մասին ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց Հարությունյանը:

Պատգամավոր Արամ Մանուկյանն էլ Որոտանի կասկադի վաճառքի մասին հարց ուղղեց՝ «Ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, թե նոր սեփականատերը կասկադը ձեռք բերելու համար վարկ է վերցրել հայաստանյան բանկերից»։ Այս հարցին ևս Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Այո, ոչ ամբողջովին, այսինքն՝ 90 մլն դոլար վարկ չի վերցրել, բայց վարկային ռեսուրսներ այստեղ ներգրավված են»:

Արամ Մանուկյանը արձագանքեց՝ ստացվում է, որ օտարերկրյա գնորդը հայաստանյան փողերով է գնել Որոտանի կասկադը, «այդ դեպքում ո՞ւր մնացին իշխանության հավաստիացումները լուրջ ներդրումների մասին»։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հետաքրքրվեց՝ ի՞նչ է բացահայտել արդեն 8 ամիս վարչապետի գլխավորությամբ գործող հակակոռուպցիոն խորհուրդը։

Դավիթ Հարությունյանն այս հարցին ևս պատասխանեց․ - «Աշխատանքներ, շատ լուրջ, ծավալված են և ընթացքում են: Ինչ վերաբերում է խորհրդի նիստը ընդամենը մեկ անգամ անցկացնելուն, եթե դուք լինեիք խորհրդի անդամ, ապա ծանոթ կլինեիք կանոնադրությանը, համաձայն որի, խորհրդի նիստերը գումարվում են եռամսյակը մեկ»:

ԲՀԿ-ից հեռացած Արայիկ Աղաբաբյանի՝ բերքի մթերման մասին հարցը բարկացրեց գյուղատնտեսության նախարարին։ Վերջին շաբաթներին գյուղացիները խաղողով բարձված մեքենաներով գիշերներ են լուսացնում գործարանների դիմաց, ոմանք նույնիսկ, հուսահատված, տոննաներով բերքը թափում են ճամփեզրին: Ի պատասխան, գյուղնախարար Սերգո Կարապետյանը ԱԺ-ի ամբիոնից կրկնեց տարեսկզբին տված իր խոստումը. - «Այո, նորից եմ կրկնում՝ մինչև վերջին կիլոգրամը մթերվելու է»:

Աղաբաբյանը որոշեց արձագանքել նախարարի հայտարարությանը, ինչն այս անգամ բարկացրեց վարչապետին։ Նա միջամտեց տեղից՝ առանց բարձրախոսի, բայց բոլորին լսելի կերպով․ - «Էտ որ տենց խոսում ես, որ գործարաններում ես եղել ... սուտ ես խոսում... ասում եմ՝ սուտ ես խոսում... »:

Վարչապետի այս խոսքերից հետո պատգամավորին նման տոնով հակադարձելու գործում որոշեց հետ չմնալ նաև Սերգո Կարապետյանը։ «Դուք պոպուլիստ եք, պոպուլիզմով եք զբաղվում...»,- ասաց նա:

XS
SM
MD
LG