Մատչելիության հղումներ

ԱՄՆ փոխդեսպան. «Հայաստանում հաշմանդամների նկատմամբ վերաբերմունք կա»


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը

«Աղջիկը լուսնի վրա» ներկայացումը մատուցվեց երևանյան հանդիսատեսին։ Ներկայացմանը ներգրավված են նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդ արտիստներ։

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը յուրաքանչյուր տարի ուշագրավ մշակութային ծրագիր է իրականացնում՝ համագործակցելով հայ արվեստագետների և մշակութային կենտրոնների հետ:

Այս տարի իրականացվող «Ամերիկյան մշակութային շրջագայություն-2015» ծրագիրը ներառում է համերգներ, հայ-ամերիկյան համատեղ ջանքերով նկարահանված ֆիլմերի ցուցադրություններ և ներկայացումներ։ Դրանք կազմակերպվում են ոչ միայն մայրաքաղաքում, այլև գլխավորապես մարզերում՝ մարզային մեծ ու փոքր քաղաքներում։

Բայց ահա այս ծրագրի մաս կազմող «Աղջիկը լուսնի վրա» խորագրով մի ուշագրավ ներկայացում մատուցվեց նաև մայրաքաղաքային հանդիսատեսին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Այս ներկայացումը պարային-երաժշտական մի ինքնատիպ, նորարարական, հուզիչ գործ է, որտեղ ներգրավված են նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդ արտիստներ, ովքեր պրոֆեսիոնալ պարողների հետ ներկայացման մեջ խիստ ներդաշնակորեն ինտեգրվել են ու հանդիսատեսին տեղ են հասցնում անվանի պարուսույց ու բեմադրիչ Արինա Արարատյանի մտահղացումը՝ մարդիկ, ինչպիսիք էլ որ լինեն, կարող են հաղթահարել իրենց առջև ծառացած խոչընդոտները և իրագործել իրենց երազանքներն ու հույսերը:

Ներկայացման գլխավոր հերոսուհին հաշմանդամ մի աղջիկ է, որի առջև անընդհատ խոչընդոտներ ու չար ուժեր են վեր հառնում, բայց ի վերջո, նա իր ներքին հզորությամբ, հավատով ու կամքի ուժով կարողանում է դուրս պրծնել այդ շրջապտույտից ու լուսին հասնել:

Պրոֆեսիոնալ պարուհիներից մեկը՝ Արինա Արարատյանի պարի թատրոնի մենապարուհի Քնարիկ Կարապետյանը, մինչ ներկայացման սկիզբը լրագրողների հետ զրույցի ընթացքում շեշտեց, որ շատ դժվար էր սկզբում աշխատել ներառական այս ներկայացման մեջ, քանի որ նման փորձ չեն ունեցել, բայց հետո աստիճանաբար, աշխատանքի ընթացքում բեմադրիչի՝ Արինա Արարատյանի հրաշալի աշխատանքի շնորհիվ կարողացել են մի գեղեցիկ, հուզիչ, խորը ասելիքով ու ենթատեքստերով բեմադրություն ստեղծել, որը, ըստ պարուհու, կարող է օգնել շատ-շատերին:

«Մենք ամբողջ ներկայացման մեջ կերպարներով՝ հեքիաթի հերոսներ ենք։ Ներկայացման ընթացքում գլխավոր հերոսուհին փորձում է հասնել լուսնին, և մենք խոչընդոտ ենք հանդիսանում, և նաև լինում են պահեր, որ օգնում ենք, որպեսզի նա հասնի լուսնին։ Ասեմ, որ մենք այս ներկայացումն առաջին անգամ խաղացել ենք 2014 թվականի փետրվարին։ Այդ ժամանակ, երբ որ աշխատում էինք, սկզբնական շրջանում շատ դժվար էր, այդ ընթացքում բնականաբար գտանք ընդհանուր լեզու, և արդեն համագործակցությունը շատ հեշտ է ստացվում և շատ հաճելի», - ասաց Կարապետյանը։

Ներկայացումը դիտելու էր եկել նաև Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Քլարք Փրայսը: «Սա շատ լավ խորհրդանշում է ամերիկյան ներառականության սկզբունքը։ Մենք՝ ամերիկացիներս, հավատացած ենք, որ բոլորը հավասար են և բոլորը պետք է հավասար հնարավորություններ ունենան։ Այս հոյակապ ներկայացման մեջ մենք կտեսնենք հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց և կհամոզվենք ներառականության այդ մոտեցման մեջ», - լրագրողների հետ զրույցում ասաց փոխդեսպանը։

«Ազատության» հարցին, թե ԱՄՆ-ում նման բեմադրություններ դիտե՞լ է, Քլարք Փրայսը պատասխանեց, - «Այո, եղել եմ, և շատ հուզիչ, տպավորիչ միջոցառումներ են եղել դրանք։ Վերջերս էլ քույրս ազդրի վիրահատություն է տարել, ժամանակավորապես հաշմանդամություն ունի, և դա կարծես իմ աչքերը բացում է, և ես տեսնում եմ, թե ինչ դժվարություններ, հարմարվելու ինչպիսի խնդիրներ կան»։

«Ընդհանուր առմամբ շատ ավելի հեշտ է հասարակության մեջ, որ մենք ուղղակի աչք փակենք հաշմանդամություն ունեցողների վրա, չնկատենք նրանց գոյությունը։ Բայց ինձ համար նկատելի մի բան կա, որ Հայաստանում նրանց նկատմամբ վերաբերմունք կա, նրանց նկատմամբ հատուկ կարիքները գիտակցվում են», - ասաց փոխդեսպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG