Մատչելիության հղումներ

logo-print

Ամիսներ առաջ 5 տասնյակ փաստաբանների ձևավորած անկախ մասնագիտական խումբն ավարտել է սահմանադրական փոփոխությունների նախագծի ուսումնասիրությունը:

Խմբի եզրակացությունը հստակ է՝ մայր օրենքի փոփոխության անհրաժեշտություն չկա:

Փաստաբանական անկախ խմբի անդամ Երվանդ Վարոսյան․ - «Խումբը համարում է, որ նախագծին անհրաժեշտ է ասել՝ ոչ, այն պատճառով, որ նախագիծը պարունակում է ռեալ և լուրջ վտանգներ և՛ կառավարման համակարգում, և՛ մարդու իրավունքների բաժնում»:

Խումբը հետընթաց է արձանագրել Սերժ Սարգսյանի նախաձեռնած փոփոխությունների նախագծի գրեթե բոլոր գլուխներում։ Կառավարման խորհրդարանական մոդելի անցումն ու Սահմանադրությամբ կայուն մեծամասնություն ձևավորելու դրույթը, ըստ փաստաբանների, սպառնում է ժողովրդավարությանը։

Փաստաբան Գևորգ Գյոզալյան․ - «Հայաստանը նման պայմաններում շատ հնարավոր է, որ գնա միակուսակցական կառավարման, ինչը կարող է կործանարար լինել Հայաստանի Հանրապետության համար»: Երվանդ Վարոսյանն, իր հերթին, հավելում է․ - «Մեկ կուսակցության ձեռքում ամբողջ իշխանության կենտրոնացումը, այն էլ՝ սահմանադրորեն, ոչ թե հետընթաց է, այլ կարող է հանգեցնել ընդհանրապես կոլապսի»:

Հատկապես կոշտ է մարդու իրավունքներին վերաբերող գլխում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ փաստաբանական խմբի գնահատականը։ «Մենք միահամուռ եկել ենք այն եզրակացության, որ մարդու իրավունքների վերաբերյալ գլխում չկա գեթ մեկ նորմ, որը ներկայումս գործող Սահմանադրության հետ համեմատած առաջնթաց է պարունակում»,- ասում է Գևորգ Գյոզալյանը։

Ընտրովի արդարադատության, պատվիրված վճիռների մասին պարբերաբար բարձրաձայնող փաստաբանների պնդմամբ, նոր Սահմանադրությամբ ավելի է մեծանալու դատական իշխանության կախվածությունը քաղաքական վերնախավից։

«Բարձրագույն խորհրդի ձևավորման իրավունքն ամբողջությամբ փոխանցվել է Ազգային ժողովին, ակնհայտ է դառնում, որ դատական համակարգը փոխանցում ենք ինչ-որ կուսակցության, էն կուսակցությանը, որը կայուն մեծամասնություն ունենալու հայտ է ներկայացնելու: Իսկ թե դա որ կուսակցությունն է, բնականաբար, բոլորս շատ լավ գիտենք»,- ասում է Երվանդ Վարոսյանը:

Փաստաբանական խմբի կարծիքով, նախագիծը մշակող մասնագիտական հանձնաժողովը, բարեփոխելու փոխարեն նոր Սահմանադրություն մատուցելով, դուրս է եկել իր իրավասության շրջանակից, ավելին՝ փոփոխությունները մշակել են պետական պաշտոնյաները, ինչն, ըստ փաստաբանների, հետագայում շահերի բախում կարող է առաջացնել։

Գևորգ Գյոզալյան․ - «Սահմանադրական դատարանի նախագահը ակտիվ ներգրավված է այս պրոցեսում, բայց չի բացառվում, որ վաղը հանրաքվեի հետ կապված որոշակի դատական վեճեր լինեն, և մարդիկ դիմեն Սահմանադրական դատարան, ուստի՝ այս առումով մենք տեսնում ենք շահերի ակնհայտ բախում»:

Սահմանադրական փոփոխություններին ընդդիմացող այս խմբից բացի, նախագիծն ուսումնասիրելու համար մասնագիտական խումբ էր ստեղծել նաև Փաստաբանների պալատը։ Վերջիններս ոչ միայն քննադատում, այլև լուծումներ են առաջարկում, պնդելով՝ եթե ունենալու ենք նոր Սահմանադրություն, ապա այն չպետք է լինի ավելի վատը, քան գործողն է:

Փաստաբանական անկախ խմբի անդամ Լուսինե Սահակյանը ծանոթ է պալատի նախագահի որոշմամբ ստեղծված խմբի եզրակացությանը։ «Տարբերություն կա, իհարկե, այս փաստաթղթերի միջև, որովհետև լուրջ տարբերություն կա «ոչ»-ի և «բայց լավ կլիներ որ․․․»-ի միջև»,- ասում է Սահակյանը:

Փաստաբանների անկախ մասնագիտական խումբն առաջիկա օրերին իր եզրակացությունը կտրամադրի ընդդիմադիր ուժերին և բարեփոխումներին ընդդիմացող «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությանը:

XS
SM
MD
LG