Մատչելիության հղումներ

Հայաստանցիները տարածաշրջանում առաջատարն են «Գրին քարտ»-ին մասնակցելու հարցում


Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը հայտարարում է 2016-2017 թվականների «Գրին քարտ»-ի՝ ԱՄՆ ներգաղթի վիճակախաղի մեկնարկի մասին։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական ծառայությունը չի հայտնում, թե դիմողներից քանիսը վիզա կստանան։ Արդյունքները հայտնի կլինեն միայն հաջորդ տարվա մայիսին։

Բայց վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանը «Գրին քարտ» ստացողների թվով առաջատարն է տարածաշրջանում։ Անցած տարի, օրինակ, ներգաղթի վիզա է ստացել ավելի քան 2 հազար հայաստանցի, որոնք ԱՄՆ գնալու հնարավորություն ունեն իրենց ընտանիքների հետ։ Վրաստանից «Գրին քարտ» ստացողների թիվը եղել է երկուսուկես անգամ ավելի քիչ՝ 803, Ադրբեջանից՝ 450։

Դիմողների թվով ևս Հայաստանն առաջինն է Հարավային Կովկասում. 2015-ին դիմել է ավելի քան 56 հազար հայաստանցի, մինչդեռ Վրաստանից դիմել էր 53 հազար, Ադրբեջանից՝ 29 հազար քաղաքացի։

«Դիմողների թիվը Հայաստանում գնալով աճում է, բայց ընդհանուր առմամբ այդ թիվը մեծ չէ, քանի որ սա ողջ աշխարհում անցկացվող ծրագիր է»,- հայտնեց Հայաստանում Միացյալ Նահանգների հյուպատոս Ֆրանկ Թուն։

Միացյալ Նահանգները ներգաղթի վիզայի վիճակախաղ չի անցկացնում միայն այն երկրներում, որտեղից ԱՄՆ ներգաղթողների թիվը տարեկան անցնում է 50 հազարը, օրինակ՝ Չինաստանում, Հնդկաստանում, Մեքսիկայում, Բրազիլիայում և այլն։ 2015-ին «Գրին քարտ» ստացած քաղաքացիների թվով առաջին տեղերում են Եթովպիան, Եգիպտոսը, Կոնգոն, Ուկրաինան, Ուզբեկստանը և Ռուսաստանը։ Ընդհանրապես, ըստ վիճակագրության, ներգաղթի վիզայի համար դիմողների թիվը մեծ է նախկին Խորհրդային Միության տարածքում։

«Ստացողների առավելագույն թիվը նախօրոք որոշված է. որևէ երկիր չի կարող ստանալ ներգաղթի բազմազանության վիզայի ընդհանուր թվի՝ 50 հազարի ավելի քան 7 տոկոսը»,- պարզաբանեց ԱՄՆ-ի հյուպատոսը։

Միացյալ Նահանգների Կոնգրեսում ժամանակ առ ժամանակ քննարկում են ներգաղթային վիզաների վիճակախաղի վերանայման հարցը։ Որոշ կոնգրեսականներ կարծում են, որ ժամանակն է, որ ԱՄՆ-ը «Գրին քարտ»-ի փոխարեն կիրառի ընտրովի միգրացիոն ծրագրեր՝ Կանադայի օրինակով։ Այնուամենայնիվ, հյուպատոս Ֆրանկ Թուի խոսքով՝ առայժմ դրանք ընդամենը խոսակցություններ են.- «Օրենք երբեք չի գրվել, անգամ օրենսդրական նախագիծ չի եղել, հետևաբար կարող ենք ասել, որ առաջիկա տարիներին այս ծրագիրը ուժ մեջ է լինելու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG