Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. «Մեզ ռուսական ռազմակայան պետք չէ»


Բելառուս - Երկրում ռուսական ռազմակայանի տեղակայման դեմ բողոքի ակցիան Մինսկի կենտրոնում , 4-ը հոկտեմբերի, 2015թ․

Բելառուս - Երկրում ռուսական ռազմակայանի տեղակայման դեմ բողոքի ակցիան Մինսկի կենտրոնում , 4-ը հոկտեմբերի, 2015թ․

Սա այն եզակի հարցերից է, որի շուրջ Բելառուսի նախագահի և ընդդիմության տեսակետները համընկնում են:

Բելառուսի տարածքում ռուսական ավիաբազայի տեղակայման մասին խոսք անգամ չկա: Երեկ Մինսկում այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հոկտեմբերի 11-ին անցկացվելիք նախագահական ընտրություններից հաշվված օրեր առաջ Լուկաշենկոն մասնակցում էր Մինսկի մերձակայքում կառուցված հերթական մայրուղու բացմանը: Օգտագործելով այս առթիը՝ Բելառուսի նախագահը որոշել է անդրադառնալ վերջին շաբաթներին երկրում շրջանառվող ամենահրատապ թեմաներից մեկին:

«Նկատել եմ, որ վերջին շրջանում մեր ընդդիմությունը վայնասուն է բարձրացրել, թե ռուսական ռազմակայան է տեղակայվելու Բելառուսի տարածքում: Բայց ես դրա մասին որևէ տեղեկություն չունեմ: Ես այն մարդն եմ, որ այդ առթիվ որոշում պետք է կայացնեմ, և ես այդ մասին որևէ տեղեկություն չունեմ: Առավել ևս, որ մենք այսօր ռազմակայանների կարիք չունենք, այն էլ՝ ռազմաօդային ուժերի բազաների», - ասել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ Բելառուսի տարածքում ռուսական ավիացիոն ռազմակայանի ստեղծման մասին լուրերը ակտիվացան մոտ մեկ ամիս առաջ: Սկզբում այս մասին տեղեկացրեցին ռուսական մի շարք լրատվամիջոցներ` պնդելով անգամ, որ ռուսաստանցի զինծառայողների մի մասն արդեն իսկ Բելառուսում է: Սեպտեմբերի 18-ին էլ հրապարակվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հանձնարարությունը` ուղղված պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին` «բանակցել Բելառուսի իշխանությունների հետ այդ երկրի տարածքում ռուսաստանյան ավիաբազայի ստեղծման ուղղությամբ»: Մոսկվայի այս մտադրությունն արժանացավ հատկապես բելառուսական ընդդիմության կոշտ հակազդեցությանը:

Անցած կիրակի բելառուսական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ էին դուրս եկել փողոց` պահանջելով հրաժարվել ռուսական ավիաբազան երկրի տարածքում տեղակայելու մտադրությունից:

Այսօր արդեն պարզվում է, որ ռազմակայանի տեղակայումն այն եզակի հարցերից է, որի շուրջ ընդդիմության և Լուկաշենկոյի տեսակետները համընկնում են:

«Մեզ օդանավեր են պետք այսօր, այլ ոչ թե ռազմակայաններ: Մենք հրաշալի օդաչուներ ունենք, մենք ուսումնարաններ ունենք, որոնք զբաղված են թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական օդաչուներ պատրաստելով: Այս պարագայում իմ ինչի՞ն է պետք ռազմակայան ստեղծել, այլ պետության օդանավեր և օդաչուներ բերել: Բա մերո՞նք ինչ են անելու», - հարցնում էր Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահի խոսքով, ի դեպ, նաև ռազմավարական տեսանկյունից ռուսական բազայի տեղակայումը իր երկրում իմաստազուրկ է: Լուկաշենկոյի պնդմամբ` Ռուսաստանի արևմտյան սահմանները հուսալիորեն պաշտպանված են բելառուսական բանակի կողմից:

«Մենք պատասխանատվություն ենք ստանձնել: Ռուսաստանն ու Բելառուսը համաձայնագիր են ստորագրել, որով ռուսները մեզ հետ միասին ապահովում են արևմտյան ուղղության անվտանգությունը: Փաստորեն մենք այստեղ միայնակ չենք դիմակայում ՆԱՏՕ-ին», - ասել է Լուկաշենկոն՝ շարունակելով․ - «Մենք հստակ ծրագիր ունենք, անգամ, Աստված մի արասցե, պատերազմի համար նախատեսված ծրագիր ունենք մշակած: Դրանում հստակորեն նշված է, թե ինչպես ենք գործելու հակամարտության ծագման դեպքում: Դա, իհարկե, գաղտնի ծրագիր է, և ես այն չեմ հրապարակի, սակայն մեկ բան այնտեղ հստակ է` այս ուղղության վրա գործող գլխավոր ուժը բելառուսական բանակն է»:

Բելառուսի նախագահը նաև վստահեցրել է, թե չի կարողանում հասկանալ` ինչու ռազմակայանների տեղակայման թեման ընդհանրապես շրջանառության մեջ դրվեց:

«Ես պարզապես զարմանում եմ, ինչ-որ տեղ նաև վրդովվում ու վիրավորվում: Ռուսաստանցիների ինչի՞ն էր պետք լրատվամիջոցներում այս պատմությունը շրջանառության մեջ դնել: Գուցե անհանգստանում են, որ մենք իրոք դեպի Արևմուտք ենք թեքվում, և գուցե այդ նպատակով է այս թեման շոշափվում, որպեսզի Արևմուտքը սկսի կասկածել` արդյոք մենք իրոք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները», - հայտարարում էր Ալեքսանդր Լուկաշենկոն:

Երեկվա ելույթում, ի դեպ, Բելառուսի նախագահը նաև թափանցիկ ակնարկ հնչեցրեց Սիրիայում ռազմական գործողություններ սկսած Ռուսաստանի հասցեին, ասելով, թե բելառուսցի զինվորականները արտերկրում պատերազմելու որևէ ցանկություն չունեն:

«Մենք չենք պատրաստվում գնալ որևէ տեղ պատերազմելու», - հայտարարում էր Լուկաշենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG