Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ում կքննարկվի Էլինար Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու հարցը


ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյան, արխիվ

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյան, արխիվ

Կուսակցությունը վստահեցնում է, որ դա կապված չէ սահմանադրական բարեփոխումների հարցով քվեարկությունը բոյկոտելու հետ։

«Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ) քննարկում է Էլինար Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու հարցը՝ չբացառելով, որ Վարդանյանը, ինչպես և խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը կարող են հեռացվել նաև խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոններից։

Թեև խմբակցությունում մեկը մյուսի հետ չեն կապում, սակայն այս որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ երկու պատգամավորները բոյկոտեցին սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությունը։ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո վերակազմավորված կուսակցությունը շաբաթներ առաջ պաշտոնապես հայտարարել էր՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը կողմ են քվեարկելու։

Կուսակցության խոսնակ Վահան Բաբայանի խոսքով, Էլինար Վարդանյանին ԲՀԿ-ից հեռացնելու հարցը կքննարկվի առաջիկա օրերին։

«Էլինար Վարդանյանի մասով, մեր կուսակցության տարածքային կազմակերպություն դիմել են, որպեսզի քննարկվի իր կուսակցությունում մնալու նպատակահարմարության հարցը», - ասաց Բաբայանը։

Մինչ այդ, այսօր պարզ դարձավ, որ ԲՀԿ-ի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը քվեարկությանը չմասնակցած պատգամավորներ Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին արդեն զրկել է միջազգային կառույցներում խմբակցության ներկայացուցչի պաշտոններից։

Կուսակցության խոսնակը պնդում է՝ նրանք փետրվարյան իրադարձություններից հետո կուսակցության և խմբակցության աշխատանքներին չէին մասնակցում։ «Յուրաքանչյուր կուսակցության համար պետք է առաջնային լինի նաև կուսակցական և ֆրակցիոն կարգապահությունը, որը մենք այսօր փորձում ենք վերականգնել, և կարծում ենք՝ դա ստացվում է», - ասաց Բաբայանը։

Ստեփան Մարգարյանը և Էլինար Վարդանյանը հակադարձում են՝ բացի սահմանադրական փոփոխություններից, այլ հարցերի շուրջ գործընկերների հետ տարաձայնություններ չունեն։ Չեն թաքցնում՝ քվեարկությունը բոյկոտելով փոփոխության հանդեպ իրենց վերաբերմունքն են ցույց տվել։

«Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ՝ սոցիալական, տնտեսական բնագավառում, որոնք այդքան էլ պայմանավորված չեն Սահմանադրությամբ։ Գործող Սահմանադրությամբ հնարավոր էր լուծել դրանք։ Ես կարծում եմ, որ առաջնայինը այդ խնդիրների լուծումն է»,- ասաց Մարգարյանը։

«Սահմանադրական փոփոխությունները չէ, որ այսօր ունեն հասարակական պահանջ։ Այսօր բոլորովին այլ խնդիրներ են գտնվում հասարակության ուշադրության կենտրոնում, և սահմանադրական փոփոխությունների հասարակական պահանջը ես ինքս չեմ տեսնում», - նշեց Վարդանյանը։

Ընդդիմադիր պատգամավորները փաստում են՝ իրենք հարգում են գործընկերների կողմ դիրքորոշումը, նույն վերաբերմունքն են ակնկալում նաև նրանցից։ Երկու պատգամավորներն էլ խորհրդարանում բարձր պաշտոններ են զբաղեցնում. Էլինար Վարդանյանը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահն է, իսկ Ստեփան Մարգարյանը՝ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի ղեկավարը։ Նրանք այսօր խորհրդարանի միջանցքում միասին էին քայլում։

Ի դեպ, քվեարկությանը չեն մասնակցել և ըստ մամուլի՝ փոփոխությունների նախագծին դեմ են արտահայտվում նաև ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը և Հայկ Խաչատրյանը։ Նրանց վերաբերյալ, սակայն, կուսակցությունում առայժմ որոշում չի կայացվել։

ԲՀԿ-ի խոսնակ Վահան Բաբայանը հստակեցրեց՝ իրենց մոտ բյուրեղացման գործընթաց է, առանցքային պաշտոններ զբաղեցնող պատգամավորների՝ խմբակցության որոշմանը դեմ գնալը անընդունելի են համարում։ «Եթե իրենց հայտարարությունը լուրջ ընդունենք, ստացվում է, որ ԲՀԿ ֆրակցիայի տեսակետները հակաժողովրդական են։ Դա, իհարկե, նոնսենս է», - ասաց նա։

Ստեփան Մարգարյանը ասաց, որ քվեարկությունը բոյկոտած մի քանի պատգամավորներով քննարկումներ են անցկացնում։ Թե ովքեր են այդ հանդիպումներին մասնակցում, չցանկացավ ասել։ Իրենց քաղաքական ապագայի վերաբերյալ էլ խոսել դեռ չի շտապում, չբացառելով՝ եթե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, ապա նրան միանալու հարցը կքննարկեն։

«Ցանկացած մարդ և առավել ևս անձ, ով երկիր է ղեկավարել, իրավունք ունի հավակնելու այս կամ այն գործունեությանը»,- նշեց Մարգարյանը։

Միջազգային կառույցներում ԲՀԿ-ի ներկայացուցչի պաշտոնից զրկված Էլինար Վարդանյանը ժամեր առաջ հաղորդագրություն է տարածել՝ ընդգծելով.- «Ինձ համար տհաճ անակնկալ էր այն, որ իմ անձի հետ կապված հարցի քննարկում նախատեսող խմբակցության նիստի վերաբերյալ ես տեղյակ չեմ եղել»:

ԲՀԿ-ի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, մինչդեռ, պնդում է, որ նիստի մասին մի քանի անգամ փորձել են տեղյակ պահել պատգամավորին, բայց նա հեռախոսազանգերին չի պատասխանել։ Կուսակցությունում քոչարյանական թևի առկայությունը ԲՀԿ-ի ղեկավարը բացառում է. ասաց, որ իրենց մոտ բաժանում չկա, պարզապես կան պատգամավորներ, ովքեր աշխատանքում թերանում են։

«Սահմանադրության խնդիր գոյություն չունի, գոյություն ունի վերջին շատ տևական ամիսներին իրենց ուղղակի անգործությունը խմբակցությունում և կուսակցությունում»,- հայտարարեց Զոհրաբյանը։

XS
SM
MD
LG