Մատչելիության հղումներ

Սիրիայի քրիստոնյաները քննադատում են Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչի հայտարարությունը


Սիրիա - «Իսլամական պետության» զինյալների կողմից ավերված հինավուրց Մար Էլիան կաթոլիկ քրիստոնեական վանքը, օգոստոս, 2015թ․
Սիրիա - «Իսլամական պետության» զինյալների կողմից ավերված հինավուրց Մար Էլիան կաթոլիկ քրիստոնեական վանքը, օգոստոս, 2015թ․

Սիրիացի քրիստոնյա հոգևորականի խոսքով՝ Ռուսաստանը կրակի հետ է խաղում։

Սիրիայի քրիստոնյաները խիստ բացասաբար են արձագանքել Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը, ով ասել էր, թե Սիրիայում ռուսական ավիահարվածները սրբազան պայքար է։

Մոսկովյան պատրիարքության եկեղեցու և հանրության հարաբերությունների բաժնի ղեկավար, քահանա Վսեվոլոդ Չապլինը օրերս լրագրողներին ասել էր, որ «ահաբեկչության դեմ պայքարը հանուն աշխարհի արդարության, հանուն մարդկանց արժանապատվության շատ բարոյական, եթե կուզեք՝ սրբազան պայքար է»։

Նա հավելել էր, թե Ռուսաստանը հավանաբար աշխարհում ամենաակտիվ ուժն է, որն այսօր դիմակայում է, պայքարում է ահաբեկչության դեմ։ Հոգևորականը նաև ընդգծել էր, որ Ռուսաստանը միշտ հատուկ դեր է ունեցել Մերձավոր Արևելքում։

BBC-ի փոխանցմամբ, սիրիական քրիստոնեական եկեղեցու առաջնորդներից եպիսկոպոս Իլիաս Թումանը, ի պատասխան ռուս հոգևորականի հայտարարության, ասել է, թե քրիստոնեությունում չեն կարող լինել սրբազան պայքարներ։

Սիրիացի մեկ այլ քրիստոնյա հոգևորական՝ Իսպիրիդոն Թանուսը ընդդիմությանը հարող կայքերից մեկին ասել է, թե Ռուսաստանը կրակի հետ է խաղում։

Իսկ մահմեդականների կողմից պատասխան «սրբազան պատերազմ» հայտարարելու հնարավորության մասին Թվիթերի իր էջում գրել է արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հաղորդավարներից Ֆեյսան ալ-Քասիմը․ - «Եթե ռուսական եկեղեցին Սիրիա ռուսական ներխուժումը բնութագրում է որպես սրբազան պայքար, ապա մահմեդականներին ակամա կոչ է անում ջիհադ հայտարարել»։

Սիրիայում Հայ Առաքելական եկեղեցու Բերիո թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեիսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ծանոթ չէ ոչ Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչի հայտարարությանը, ոչ էլ սիրիացի քրիստոնյաների արձագանքին, ուստի չի կարող որևէ մեկնաբանություն տալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG