Մատչելիության հղումներ

Թեև երկրորդ նախագահը դեմ է սահմանադրական փոփոխություններին, ընդդիմադիր պատգամավորը չի պատկերացնում համագործակցություն «Ոչ»-ի ճակատի և նրա միջև։

Երեկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խիստ քննադատեց գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները՝ պնդելով, որ դրա հետևանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Քոչարյանն այն բացառություններից է, որ միգուցե դեմ է սահմանադրական փոփոխություններին, բայց «գտնվում է Սերժ Սարգսյանի հետ համատեղ մեկ տիրույթում»։

«Ես չեմ պատկերացնում համագործակցություն «Ոչ»-ի ճակատի և Ռոբերտ Քոչարյանի միջև։ Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը հեղափոխական չէ, իսկ «Ոչ»-ը ոչ միայն ուղղակի «ոչ» է, այլ հեղափոխություն է ենթադրում, անհնազանդություն է ենթադրում, ենթադրում է՝ ո՛չ օլիգարխիային, ենթադրում է՝ ո՛չ անօրինականություններին, իսկ Ռոբերտ Քոչարյանը դրա վառ ներկայացուցիչներից մեկն է՝ և՛ օլիգարխիայի, և՛ անօրինականությունների», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը։

Երկուշաբթի օրը Ազգային ժողովը ձայների 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ կողմ քվեարկեց Սահմանադրության փոփոխությունների նախագծին։ «Ժառանգություն» խմբակցությունից նախագծին դեմ քվեարկեց միայն Զարուհի Փոստանջյանը։

«Ազատության» հարցին, թե քվեարկության արդյունքները «Ժառանգության» համար պարտություն չի՞ համարում, Փոստանջյանը պատասխանեց. - «Իհարկե ոչ, ես կարծում եմ, որ ամենակարևորն այն է, որ «Ժառանգություն»-ն այսօր իր գաղափարախոսությանը, իր ծրագրերին՝ մշտապես լինել ժողովրդի կողքին, հավատարիմ է, և այստեղ հենց ամենակարևորը դա է, որ այդ հայտարարությունը, որ արվել է իմ կողմից, դա ներկայացված է որպես «Ժառանգության» ձայն, և «Ժառանգություն»-ը, փաստորեն, իր խոստումը մինչև վերջ կատարում է»։

Երեկ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին հանրապետականները արձանագրեցին՝ քվեարկության արդյունքները ապացուցում են, որ փոփոխությունների շուրջ քաղաքական կոնսոլիդացիա կա։ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ընդգծեց, որ անգամ որոշ ընդդիմադիրներ են կողմ քվեարկել նախագծին։ «Չկար թեկուզ մեկ ընդդիմադիր խմբակցություն, որի ներկայացուցիչները ամբողջությամբ դեմ քվեարկեին նախագծին», - նշեց Շարմազանովը:

Հարցին, թե ըստ քվեարկության արդյունքների, Հայաստանի իշխանությունները պարզ ճակատով միջազգային կազմակերպությունների գործընկերներին կարո՞ղ են ասել, որ Հայաստանում կա քաղաքական կոնսոլիդացիա, Փոստանջյանը պատասխանեց. - «Ես չեմ կարծում, որ նրանք կարող են այդպիսի հիմնավորում ներկայացնել, որովհետև կոնսոլիդացիայի մասին խոսք չկա։ Կա հստակ դիրքորոշում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, որոնք այս պահին էլ ներկայացված չեն Ազգային ժողովում, այդ դիրքորոշումը՝ մերժելն է, ոչ միայն այս սահմանադրական բարեփոխումներ անվան տակ օպերացիային, այլ ընդհանուր առմամբ ողջ այս իշխանակարգին հանրությունը անվստահություն է հայտնում»:

«Եվ հենց մեր ողջ գործողությունները պետք է դրան միտված լինեն, որպեսզի այդ անվստահությունը հայտնենք, և այդ անվստահությունը հայտնելուց հետո մենք կարողանանք ձևավորել նոր համակարգ, նոր իշխանություններ», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

XS
SM
MD
LG