Մատչելիության հղումներ

Համահայկական խորհուրդը փոխարինելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնաժողովին


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին Երևանում միաձայն որոշում ընդունեց Համահայկական խորհուրդ ձևավորելու մասին: Նիստին ներկա էին նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբերի ներկայացուցիչներ աշխարհի 40 երկրներից, բացառությամբ Արևելյան և Արևմտյան ԱՄՆ-ի հանձնախմբերի ներկայացուցիչների:

Ձևավորվեց 12 անձից բաղկացած Կազմակերպչական հանձնախումբ, որի կազմում են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ներկայացուցիչներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Հայ կաթողիկե եկեղեցու, Հայ ավետարանական եկեղեցու, Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի, ՀՌԱԿ-ի, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության, Ռուսաստանի հայերի միության և Հայկական բարեգործական ընդհանուր միության:

Միգուցե անուշադրության պատճառով, Կազմակերպչական հանձնախմբի կազմում չի ընդգրկվել Արցախի Հանրապետության ներկայացուցիչ: Սակայն բանաձևում հստակ սահմանված է, որ Համահայկական խորհրդի կազմում պետք է ընդգրկվեն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Սփյուռքի առանցքային կազմակերպությունների, պետական կառավարման կարևորագույն մարմինների, հոգևոր հաստատությունների, քաղաքացիական հասարակության և կուսակցությունների ներկայացուցիչներ:

Համաձայն ընդունված որոշման՝

- Համահայկական խորհուրդը կկրի խորհրդատվական բնույթ, կունենա տարածաշրջանային և թեմատիկ հանձնախմբեր և տարեկան նիստերը կգումարի Երևանում.

- Խորհուրդը պետք է իր մշտական օրակարգում ընդգրկի հետևյալ հարցերը. ա) աշխարհում հայերի վիճակի մասին համապարփակ ամենամյա զեկույցի քննարկումը, բ) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դատապարտմանը և դրա հետևանքների վերացմանն առնչվող խնդիրների քննարկումը, և գ) համահայկական բնույթի միջոցառումների համադրումը.

- Խորհուրդը պետք է իր անդրանիկ նիստը գումարի Երևանում, 2016 թ. սեպտեմբերի 20-ին.

- Կազմակերպչական հանձնախումբը պետք է մշակի և մինչև 2016 թ. ապրիլի 15-ը հանձնաժողովի անդամներին և տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներին առաքի Համահայկական խորհրդի ձևավորման, հիմնադիր կազմի և կառուցվածքի մասին որոշման նախագիծը, պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ կազմակերպի խորհրդատվություններ Խորհրդի հայեցակարգի, կառուցվածքի և գործունեության կարգի շուրջ, նախապատրաստի Խորհրդի առաջին նիստը և մինչև 2016 թ. հուլիսի 15-ը իրազեկի հանձնաժողովի անդամներին առաջին նիստի անցկացման վայրի և ժամանակացույցի մասին.

- Սփյուռքի նախարարը՝ ՀՀ արտաքին գործերի, մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների, պետական մարմինների հետ գործակցությամբ, ինչպես նաև պետական հանձնաժողովի կազմում ներգրավված՝ սփյուռքի կառույցների և տարածաշրջանային հանձնախմբերի հետ խորհրդատվություններ կազմակերպելու միջոցով պետք է նախապատրաստի «Հայերի վիճակն աշխարհում» առաջին զեկույցը; մինչև 2016 թ. մայիսի 1-ը զեկույցի նախագիծը ներկայացնի պետական հանձնաժողովի անդամներին և տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներին՝ վերջիններիս առաջարկությունները ստանալու և մինչև 2016 թ. սեպտեմբերի 20-ին կայանալիք նիստը ամփոփելու նպատակով, ինչպես նաև խորհրդատվություններ անցկացնի տարածաշրջանային հանձնախմբերի հետ՝ նախապատրաստելով առաջարկություններ Համահայկական խորհրդի հետ դրանց գործակցության ընթացակարգերի վերաբերյալ:

Քննարկման ընթացքում Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն առաջարկեց, որ ի լրումն Համահայկական խորհրդի, Սփյուռքի տարբեր երկրներում ձևավորվեն տարածաշրջանային հանձնախմբեր՝ 2016 թ. Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձի և 2018 թ. Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանն աջակցելու նպատակով:

Իմ խոսքում հարցրեցի, թե ինչու Համահայկական խորհրդում չեն ընդգրկվել հանրության ներկայացուցիչներ, որպեսզի հայկական կազմակերպությունների անդամ չհանդիսացող հայերի մեծամասնությունը ներկայացված լինի Խորհրդում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ իր աշխատակազմը նման մի գաղափար ուսումնասիրել է, սակայն հրաժարվել է դրանից՝ հաշվի առնելով հայկական Սփյուռքի ներկայացուցիչների ընտրության բարդությունը: Ես նշեցի, որ գոյություն ունեն մեխանիզմներ հայ համայնքներից ներկայացուցիչներ ընտրելու համար: Նախագահը խնդրեց, որ Կազմակերպչական խորհուրդը նկատի ունենա նման առաջարկները: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ևս արտահայտվեցին Համահայկական խորհրդում հանրության ներկայացուցիչների հնարավոր ընդգրկման մասին:

Ինչպես բացատրել եմ իմ նախորդ հոդվածներում՝ Համահայկական խորհուրդը կվերացնի յուրաքանչյուր հայկական ճգնաժամի կամ խնդրի առիթով առանձին հանձնաժողովներ ստեղծելու անհրաժեշտությունը: Իմ կարծիքով, նախընտրելի է, որ Խորհրդի սփյուռքյան անդամներն ընտրվեն հայկական համայնքներում անցկացվող ժողովրդավարական ընտրությունների միջոցով. սա շատ բարդ գործընթաց է, սակայն դրվատանքի արժանի՝ հաջող իրագործման պարագայում...

Եվ վերջում, սեպտեմբերի 26-ի նիստում քննարկում չեղավ ՀՀ սփյուռքի նախարարության դերի մասին Համահայկական խորհրդի ձևավորումից հետո: Կազմակերպչական խորհուրդն այս կարևոր հարցը պետք է դիտարկի իր առաջիկա քննարկումներում:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG