Մատչելիության հղումներ

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էնն Վիտկովսկիին։

Հանդիպմանը Հայաստանի ԱԳՆ ղեկավարը արժեվորել է Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացմանը ցուցաբերած Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը, հայտնում է ԱԳՆ տեղեկատվության վարչությունը։

«Էնն Վիտկովսկին ասաց, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը, պաշտպանական բնագավառում փոխգործակցությունը և Հայաստանի կարևոր ներդրումը խաղաղապահ գործողություններում։ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով Նյու Յորքում կայացած Խաղաղապահության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության համար։ Էնն Վիտկովսկին կարևորեց Երևանում «Մարտահրավերներ ամենամյա ֆորում 2015»-ի անցկացումը, որը խաղաղապահության վերաբերյալ տարաբնույթ հարցերի քննարկման լավ հարթակ հանդիսացավ»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան - ՆԱՏՕ գործակցության հարցերի շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG