Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ն առաջարկում է քայլեր ձեռնարկել՝ ԵԽԽՎ-ում ՀՀ և ԼՂ շահերին սպառնացող վտանգը կանխելու համար


Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան ընդդիմությունը ներկայացնող Լևոն Զուրաբյանն առաջարկում է արտգործնախարարության հետ Ազգային ժողովում լսումներ կազմակերպել՝ կանխելու Հայաստանի և Ղարաբաղի շահերին սպառնացող վտանգը։

Բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Վոլթերը պատրաստում է զեկույց, որը վերնագրել է «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» (Escalation of violence in Nagorno-Karabakh and the other occupied territories of Azerbaijan)։ «Արդեն վերնագիրը պնդում է մի բան, որը հակասում է անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին»,- ասաց Զուրաբյանը։

Զեկույցի հեղինակն արդեն դիմել է պաշտոնական Ստեփանակերտին՝ խնդրելով աջակցել Ղարաբաղ այցելելու հարցում։ Զուրաբյանի փոխանցմամբ, այդպիսի պահանջ Վեհաժողովում նաև Հայաստանի իշխանությունների առջև է դրվել.- «Նաև հնչել են, ըստ էության, ուլտիմատումներ, որ եթե զեկուցողին թույլ չտան մտնել այդ տարածք, նա այդ զեկույցը կպատրաստի առանց մտնելու այդ տարածք։ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն կարող անել այդ զեկույցը կանգնեցնելու ուղղությամբ»։

Մինչդեռ ժամանակին, ըստ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավարի, կար զեկուցողին փոխելու հնարավորություն, բայց, ասում է, իշխանությունները գնացին զեկույցն առհասարակ թույլ չտալու անիրատեսական ճանապարհով:

Հայաստանյան պատվիրակության ղեկավար, հանրապետական Հերմինե Նաղդալյանը չի ընդունում ընդդիմադիր պատգամավորի քննադատությունը։ «Պարոն Զուրաբյանը շատ ակտիվ մասնակցել է բոլոր քննարկումներին, որոնք տեղի են ունեցել մեր պատվիրակության ներսում և այն ժամանակ դեռ, երբ այդ զեկույցի վերաբերյալ որոշումն էր կայացվում»։

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը երեկ նիստերի դահլիճում անպատասխան թողեց Զուրաբյանի՝ լսումներ հրավիրելու կոչը։ Հերմինե Նաղդալյանն էլ ասաց.- «Ես բոլորովին դեմ չեմ լսումներ անցկացնելուն, բայց կիսելով պարոն Զուրաբյանի անհանգստությունը, մտահոգությունը, բոլոր մեր գործողությունները կատարվում են նախնական խորհրդակցությունների, քաղաքական ուժերի, դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ միասին»։

Իրավիճակը շտկելու համար առաջարկվող լսումները, Լևոն Զուրաբյանի խոսքով, կարող են և փակ դռների հետևում անցնել, միայն թե ճիշտ ռազմավարություն ընտրվի, սա, կարծում է, անհետաձգելի քայլ է՝ գիտակցելով իրավիճակի սրությունը:

Առաջին անգամը չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Կոնգրեսն արտաքին քաղաքականության հարցում աջակցություն է առաջարկում իշխանություններին. ընդամենը ամիսներ առաջ պատրաստակամություն էին հայտնել օգնել ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ներկայացնելու հարցում։

«Հետո կարող են չէ՞ ասել՝ բա ինչո՞ւ ժամանակին չէիք ասում։ Ես հենց դա եմ կանխում։ Բոլորն են ընդունում, որ Տեր-Պետրոսյանը այն ժամանակ ոսկերչական դիվանագիտական աշխատանք էր տանում։ Այդ փորձը կարող են օգտագործել։ Մեղքը իրենց գլուխը, եթե չեն համաձայնի»,- ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչը։

XS
SM
MD
LG