Մատչելիության հղումներ

logo-print

ՆԱՏՕ-ն դատապարտում է ռուսական օդանավերի ներխուժումը Թուրքիա


Ռուսական մարտական օդանավը ռմբահարում է իրականացնում Սիրիայի Իդլիբի շրջանում, Ռուսաստանի ՊՆ-ի տրամադրած լուսանկար, 5-ը հոկտեմբերի, 2015թ.

Ռուսական մարտական օդանավը ռմբահարում է իրականացնում Սիրիայի Իդլիբի շրջանում, Ռուսաստանի ՊՆ-ի տրամադրած լուսանկար, 5-ը հոկտեմբերի, 2015թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետությունները խստորեն դատապարտել են ռուսական մարտական օդանավերի կրկնվող ներխուժումները Թուրքիայի օդային տարածք։

Առաջին խախտումը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին։ Թուրքական օդանավերը ռուսականին ստիպել են հեռանալ։ Դրա կապակցությամբ Անկարան պաշտոնապես բողոք է հայտնել Մոսկվային։ Ռուսները ներողություն են խնդրել՝ հավաստիացնելով, որ մարտական օդանավի ներխուժումը միտումնավոր չէր, և որ նման վիճակ այլևս չի լինի։

Եվ ահա մեկ օր անց` հոկտեմբերի 4-ին, մի ռուսական ինքնաթիռ նորից ներխուժել է Թուրքիա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե այս անգամ էլ միջադեպը տեղի է ունեցել «անբարենպաստ եղանակի պատճառով»։

Ռուսների գործողությունը` անխոհեմություն

ՆԱՏՕ-ն երեկ գումարել է արտակարգ ժողով, որից հետո տարածել է ռուսների գործողությունները դատապարտող հայտարարություն։

«Դաշնակիցները բողոք են հայտնում Թուրքիայի օդային տարածք ներխուժելու դեմ և դատապարտում են ՆԱՏՕ-ի օդային տարածքը խախտելու գործելակերպը։ Դաշնակիցներն ընդգծում են, որ այդօրինակ խախտումները չափազանց վտանգավոր են, և դրանք որակում են որպես անպատասխանատու կեցվածք»,- ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարությունում։

Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի խոսնակ Մարք Թոները ռուսների գործողություններն «անխոհեմություն» է անվանել։

Սպիտակ տունն էլ հայտարարել է, որ «բավական մտահոգված է Թուրքիայի օդային տարածքը խախտելու փաստով»։

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն զգուշացրել է, որ «Անկարան ստիպված կլինի ռազմական օրենքներ կիրառել անկախ այն բանից, թե ով է խախտում օդային սահմանը», և հիշեցրել է Մոսկվայի հավաստիացումներն այն մասին, որ նման միջադեպեր չեն կրկնվի։ Նա ասել է, որ դրանք լարվածություն են ստեղծում երկու երկրների հարաբերություններում։

«Ռուսները մեզ ասել են, որ հարգում են Թուրքիայի սահմանը, իսկ տեղի ունեցածը սխալ է և չի կրկնվի։ Թուրքիան նույն օրենքն է կիրառում բոլոր օդանավերի վերաբերյալ` սիրիական են դրանք, ռուսական, թե այլ երկրից։ Մեր զինված ուժերը հստակ կարգադրություններ են ստացել»,- ասել է Դավութօղլուն Haberturk հեռուստակայանի թղթակցին։

Ռուսների այդ գործողությունները քննադատել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ռուսների կեցվածքը չի նպաստում տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։ Ես Ռուսաստանին կոչ են անում ամբողջությամբ հարգել ՆԱՏՕ-ի օդային տարածքը և խուսափել մեր դաշինքի հետ լարվածությունից»,- ասել է Ստոլտենբերգը։

«Թուրքերը կարող էին վայր գցել ռուսական օդանավերը»

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի փոխանցմամբ, նման միջադեպերը շատ վտանգավոր են։

«Մենք իսկապես մտահոգված ենք, քանի որ Թուրքիան կարող էր կիրառել այդ օդանավը վայր գցելու իրավունքը»,- ասել է պետքարտուղարը։

Այս բոլոր միջադեպերն ուղղակիորեն առնչվում են Սիրիայի խնդրին։ Ռուսները սեպտեմբերի 30-ից են սկսել օդային գրոհները՝ հավաստիացնելով, որ ռմբահարում և հրետակոծում են ահաբեկիչների դիրքերը։ Արևմուտքը համոզված է, որ նրանք նախևառաջ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին են պաշտպանում։

Հիմա էլ Իրա՞ք

Մինչդեռ, աստիճանաբար ուրվագծվում է նոր լարվածության առնվազն տեսական հնարավորություն։

«Եթե Իրաքը պաշտոնապես դիմի Ռուսաստանին այդ երկրում օդային գործողություններ իրականացնելու խնդրանքով, մենք կքննարկենք դրա ռազմական և քաղաքական նպատակահարմարությունը։ Այս պահին դեռ չկա նման դիմում, ուստի չարժե սուրճի մրուրի վրա գուշակություն անել»,- այսօր Հորդանանում ասել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG