Մատչելիության հղումներ

Ճարտարապետների միջազգային օրվա առթիվ բացվեց Պալյանների ընտանիքին նվիրված ցուցահանդես


Ճարտարապետների միջազգային օրը արդեն երկրորդ տարին է պաշտոնապես նշվում․ կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունենում հանդիսավոր նիստ, որին մասնակցում են նաև ՀՀ վարչապետը, քաղաքաշինության նախարարը և այլ պաշտոնատար անձինք:

Նիստի ընթացքում ճարտարապետներից շատերը պարգևատրվում են իրենց բնագավառում ունեցած վաստակի և ներդրման համար: Այսօր հանդիսավոր նիստից հետո Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց ցուցահանդես՝ «Մասունքներ․․․ ծանոթ և անծանոթ Պալյաններ» խորագրի ներքո:

«Ցուցահանդեսում ներկայացված են արևմտահայ հանրահայտ Պալյան գերդաստանի արխիվային նյութերը՝ նախագծեր, էսքիզներ, արվեստի բարձրարվեստ գործեր՝ Պալյան ճարտարապետական գերդաստանի թողած հսկայական ժառանգության մասունքները, որոնք փրկվել ու այս տարի մայիս ամսին Հայաստան են տեղափոխվել մեկ այլ անվանի հայ ճարտարապետական գերդաստանի՝ Կյուրեղյանների ժառանգների կողմից քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի անմիջական նախաձեռնությամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը՝ շեշտելով, որ այսօր՝ Ճարտարապետների միջազգային օրը բացված ցուցահանդեսը նաև այլ խորհուրդ ունի:

«Այսօր հետաքրքիր ցուցադրություն ունենք, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին, որովհետև ցուցադրվելիք նյութը մասունքներ են Պալյան ճարտարապետական գերդաստանի արխիվից, որոնք Եղեռնից առաջ և այդ օրերին հրաշքով փրկվել են, տեղափոխվել են Իտալիա», - պատմեց Գրիգորյանը:

Ճարտարապետների միջազգային օրը նշվում է 1985 թվականից: 1996 թվականից Ճարտարապետների միջազգային միությունը Ճարտարապետների միջազգային օր հռչակեց հոկտեմբերի առաջին երկուշաբթին: Հայաստանում, սակայն, այդ օրը մինչև անցյալ տարի պաշտոնապես չի նշվել, թեև Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով, Հայաստանում իրենք միշտ էլ նշել են այդ օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG