Մատչելիության հղումներ

logo-print

«Չե՛ք անցկացնի»-ն և «Հանրային փրկության ճակատը» պատրաստ են հանդես գալ միասնական ճամբարով


Պարույր Հայրիկյանի կարծիքով, մայր օրենքի փոփոխությունը պետք է կանխել նախքան հանրաքվեն։

Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի»-ն և «Հանրային փրկության ճակատ»-ը բանակցում են միասնական պայքարի շուրջ, սակայն դեռևս սկզբունքային տարաձայնություններ ունեն։

«Հանրային փրկության ճակատ»-ի անդամ «Հիմնադիր խորհրդարան»-ն ու «Ազգային ինքնորոշում միավորում»-ը պնդում են՝ մայր օրենքի փոփոխությունը պետք է կանխել նախքան հանրաքվեն, քանի որ քվեարկությամբ «ոչ» ասելով կլեգիտիմացնեն գործընթացը։

«Նախագծին «ոչ» ենք ուզում ասե՞լ... 400 հազար հոգի մարդ հավաքեցինք, էդ 400 հազարն էլ գնաց «ոչ» ասեց, իրենք էլ հավաքեցին 400 հազար և մեկ՝ իրենք հաղթում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայրիկյանը։

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունում, սակայն, ԱԻՄ առաջնորդի հետ համակարծիք չեն. նպատակին հասնելու համար պետք է օգտագործել բոլոր միջոցները.- «Ամեն դեպքում, առաջին նպատակը՝ կանխել գործընթացը մինչև հանրաքվե։ Բայց եթե գործընթացը գնա հանրաքվեի, ով գնա, մասնակցի գործընթացին և «Ոչ»-ին մասնակցի, չի նշանակում, որ լեգիտիմացնում է դա»,- ասաց նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը։

Երկու նախաձեռնություններին միաժամանակ անդամակցող «Հիմնադիր խորհրդարան»-ի կարծիքով՝ առայժմ «Ոչ»-ի ճակատ գոյություն չունի։ Ավելին, Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ եթե իրենց տեսակետը չընդունվի, կսահմանափակեն համագործակցությունը «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության հետ։

Այս նախաձեռնության շուրջ համախմբված Հայ ազգային կոնգրեսը, մինչդեռ, վստահ է՝ տարաձայնությունները հաղթահարելի են, ճակատը ձևավորված է.- «Ոչ»-ի ճակատը մեկն է, միասնական է, և այդ թևի բոլոր քաղաքական ուժերը՝ «Փրկության ճակատ» է կոչվում, թե «Փրկության կոմիտե», անդամակցում են մեծ, միասնական «Ոչ»-ի ճակատին»,- պնդեց Լևոն Զուրաբյանը։

Բարեփոխումներին ընդդիմացող ԱԻՄ-ը փողոցային պայքարից բացի քայլեր կձեռնարկի նաև իրավական դաշտում։ Առաջիկա օրերին Պարույր Հայրիկյանը բարեփոխումների նախագիծը մշակող մասնագիտական հանձնաժողովի անդամներին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում կներկայացնի Գլխավոր դատախազություն։ Հայրիկյանի պնդմամբ, վերջիններս կոպտորեն խախտել են գործող Սահմանադրությունը։

«Դրա մեջ կարելի է վերցնել քաղաքացիների իրավունքների կոպիտ ոտնահարում, պետական համակարգի նկատմամբ ոտնձգություն, ընդհուպ մինչև հայրենիքի դավաճանություն։ Քրեական օրենսգրքում հատկապես չի ընդգծված, թե Սահմանադրության խախտման համար ինչ պատիժ է նախատեսված, բայց եթե հանցագործությունների մեջ որակավորում կամենանք տալ, Սահմանադրության խախտումը ամենածանր հանցագործությունն է։ Դատախա՛զ, դո՛ւ որոշիր, թե ինչ օրենքով, ինչ հոդվածով», - ասաց Հայրիկյանը։

Գլխավոր դատախազությունից բացի, մասնագիտական հանձնաժողովի մշակած փաստաթուղթը անվավեր ճանաչելու պահանջով ԱԻՄ-ը բողոքի ակցիա կանցկացնի Բաղրամյան 26-ի դիմաց և նամակով կդիմի նախագահ Սերժ Սարգսյանին։

«Դու Սահմանադրություն ես խախտել, սա պետք է կանխես, վերադառնաս հետ, լսես ԱԻՄ-ի առաջարկը, դնես, համեմատես իրար հետ, խոնարհվես այդ առաջարկի առաջ, հասկանաս, որ սա է ճիշտ ճանապարհը։ Եթե Սերժ Սարգսյանն առաջիկա մի քանի օրվա ընթացքում չպատասխանի, նույն դատախազին դիմում ենք, որ օրենք է խախտել նաև հանրապետության նախագահը, ընթացակա՛րգ սկսեք», - ասաց ԱԻՄ առաջնորդը։

Կմիավորվեն արդյոք այս ուժերը, թե՝ ոչ հարցի պատասխանն, ըստ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության, կհստակեցվի հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի ժամանակ։

XS
SM
MD
LG