Մատչելիության հղումներ

Հայաստանի անկախության 24-ամյակին նվիրված ընդունելություն Դամասկոսում


Սիրիա - Տեսարան Դամասկոսի կենտրոնից, արխիվ
Սիրիա - Տեսարան Դամասկոսի կենտրոնից, արխիվ

Հոկտեմբերի 4-ին Սիրիայում Հայաստանի դեսպանությունը Դամասկոսի «Շամ Փալաս» հյուրանոցում կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն՝ Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ ընդունելությանը մասնակցել են Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահհամը, Սիրիայի փոխարտգործնախարար Այման Սուսանը, հայ-սիրիական խորհրդարանական բարեկամական խմբի անդամները, Ժողովրդական ժողովի տարբեր հանձնաժողովների նախագահներ, Սիրիայի կառավարության մի շարք ներկայացուցիչներ։

Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանն անդրադարձել է Հայաստանի անցած տարիների նվաճումներին, հայ-սիրիական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին և Սիրիայի արաբ ժողովրդի՝ Ցեղասպանությունից մազապուրծ հայերին օթևանելու և ջարդերից փրկելու ջանքերին, ինչպես նաև Սիրիայի ներքաղաքական վիճակին։

«Հայաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն՝ ուղղված Սիրիայում խաղաղությանը, ազգային համերաշխությանը և համընդհանուր կայունությանը», - ասել է դեսպանը:

Միջոցառման ընթացքում Փոլադյանը սիրիացի հայտնի հասարակական-մշակութային գործիչ, գրող Նաբիլ Տո'մեին է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան շնորհված «Երախտագիտության» մեդալը՝ հայ-սիրիական մշակութային հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Նույն օրը առավոտյան Սուրբ Սարգիս եկեղեցում Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի նախագահությամբ մատուցվել է Սուրբ Պատարագ` Հայաստանի անկախության տարեդարձի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG