Մատչելիության հղումներ

«Սդղի գյոլի» գործով մեղադրյալ Դերենիկ Հակոբյանը գրավով ազատ արձակվեց


Գորիսի համայնապատկեր
Գորիսի համայնապատկեր

Երեկ գրավի դիմաց ազատ է արձակվել «Սդղի գյոլի» ծեծկռտուքի գործով կալանավորված Դերենիկ Հակոբյանը։

Սյունիքի մարզպետի վարորդի որդուն մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու համար և խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

«Նախկինում չդատված, Հայաստանի լավագույն ու գերազանցիկ զինվոր ճանաչված անձին միջին ծանրության հանցանք կատարելու կասկածանքով 4 ամսից ավելի կալանքի տակ են պահում։ Նույն հիմքով վարույթ իրականացվող մարմինը մտնում է դատարան կալանքի ժամկետը երկարացնելու համար: Հիմնավորված չեն ենթադրությունները, որ նա կարող է փախնի, կատարի նոր հանցանք, խոչընդոտի քննությանը։ Հետևաբար մենք դիմեցինք դատարան, ասացինք, որ նրան անազատության մեջ եք պահում չհիմնավորված ենթադրություններով, և միջնորդեցինք գրավի դիմաց ազատ արձակել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Փաստաբանի խոսքով, Հակոբյանը նախկինում դատված չի եղել, արատավորված չի եղել, գերազանց ծառայել է բանակում ու դրա համար պարգևատրվել է։ «Ամուսնացած է, բարոյական տղա է, ինչո՞ւ անազատության մեջ պահել, հատկապես երբ ոչ մի առումով գործի քննությանը չի խոչընդոտում», - ասաց Մելքոնյանը:

Հիշեցնենք, նույն գործով կալանավորվել, այնուհետև երկու ամիս անց ազատ է արձակվել նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG