Մատչելիության հղումներ

logo-print

Քոչարյան. «Հրապարակված նախագիծը գերազանցեց իմ վատագույն սպասումները»


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Իշխող ՀՀԿ-ում «լիովին մարդկային և հասկանալի» են համարում, «երբ մարդ շատ դժվար է հրաժարվում մի բանից, որի ստեղծողը ինքն է եղել»:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեծ սխալ է որակում գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները՝ պնդելով, որ դրա հետևանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար:

Այսօր իր ոչ պաշտոնական կայքէջի՝ 2rd.am-ի հրապարակած հարցազրույցում Քոչարյանը վերստին ընդգծում է՝ ինքը միանշանակ դեմ է փոփոխություններին, հավելելով՝ «առաջարկվող նախագիծը քաղաքական մենաշնորհը դարձնում է սահմանադրական նորմ»:

«Նախագծի 89-րդ հոդվածը կոչված է ապահովել մեկ կուսակցության գերակայությունը խորհրդարանում, այն է՝ իշխանության մեջ», - մանրամասնում է նախկին նախագահը: «Մեր իրողություններում, անկախ իր վայելած ժողովրդականությունից, դա կլինի այն կուսակցությունը, որ տիրապետում է ադմինիստրատիվ և ֆինանսական ռեսուրսների: Իսկ հաշվի առնելով Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարության անգամ նշույլի բացակայությունը, հովանավորչական կառավարումը կդառնա անխուսափելի ու հարատև չարիք, լճացման աղբյուր և արատավոր համակարգի վերարտադրման գործիք», - ընդգծում է նա:

«Հրապարակված նախագիծը գերազանցեց իմ վատագույն սպասումները», - հայտարարում է պաշտոնաթող նախագահը՝ զուգահեռներ տանելով դրա և Խորհրդային Միության Սահմանադրության միջև․ - «Սովետական Սահմանադրությունը լեցուն էր գեղեցիկ բառերով, սակայն ԽՄԿԿ-ի ղեկավարող և ուղղորդող դերի մասին 6-րդ հոդվածը օրինականացնում էր կոմունիստների քաղաքական մենաշնորհը»:

«Թե արդյունքում ինչ եղավ ԽՍՀՄ-ի հետ՝ հայտնի է բոլորին», - շեշտում է Քոչարյանը և հավելում․ - «Սահմանադրության նախագիծը իր մեջ էական ռիսկեր է պարունակում, որ երկիրը կգլորվի դեպի դե ֆակտո միակուսակցական համակարգ, այսինքն և դեպի քաղաքական մենաշնորհ ու լճացում»:

«Ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում, դրա համար էլ միանշանակ դեմ եմ արտահայտվում այս փոփոխություններին: Կատարվում է մի մեծ սխալ, որի հետևանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար», - հայտարարում է Հայաստանի երկրորդ նախագահը:

«Էդ արատավոր համակարգը ե՞րբ է առաջացել»

Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամլո խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ասաց․ - «Էդ արատավոր համակարգը ե՞րբ է առաջացել՝ էսօր է առաջացե՞լ, թե՞ տարիներ առաջ է առաջացել, ո՞րն է դրա ծնող պայմանները, ինչպիսի՞ պայմաններում է առաջացել էդ արատավոր համակարգը»:

«Երկրորդը՝ եթե իրոք համակարգը արատավոր է և այդ համակարգը պետք է վերարտադրվի, ապա ոչինչ չփոխելով՝ ինչպե՞ս պետք է մենք պայքարենք այդ արատավոր համակարգի վերարտադրման դեմ», - շարունակեց Շարմազանովը:

«Բայց, մյուս կողմից, ինձ համար հասկանալի են հարգարժան երկրորդ նախագահի գնահատականների օբյեկտիվ հիմքերը: Որովհետև լիովին մարդկային է և հասկանալի, երբ մարդ դժվար է և շատ դժվար է հրաժարվում մի բանից, որի ստեղծողը ինքն է եղել», - ասաց իշխող կուսակցության խոսնակը:

Էդուարդ Շարմազանովը միակուսակցական համակարգի մասին Քոչարյանի պնդումները ծիծաղելի որակեց. - «Ծիծաղելի է Հայաստանում տեսնել միակուսակցական կառավարում` մանավանդ այն սահմանադրական բարեփոխումների շրջանակում, որտեղ շեշտակիորեն ավելանում են ընդդիմության իրավունքները»։

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ևս կարծում է ՝ միակուսակցական համակարգի հետ նոր Սահմանադրության նախագիծը կապ չունի, հակառակը՝ քաղաքական կուսակցություններին, նաև ընդդիմությանը ավելի մեծ հնարավորություն ու լրացուցիչ լծակներ են տրվում կարևոր որոշումներում դերակատարություն ունենալու համար, ինչը մշտապես եղել է ընդդիմադիրների պահանջը:

«Մենք հիմնականում արել ենք ընդդիմադիր քաղաքական ուժերի գործը։ Սա չի վերաբերում երկրորդ նախագահին, այն անհատ քաղաքական գործիչները կամ մարդիկ, որոնք ցանկանում են ցեխ շպրտել այս բարեփոխումների վրա, ես այդտեղ նախանձ եմ տեսնում, թե ինչու իրենք չկարողացան, և կարողացավ անել Հանրապետականը», - ասաց նա։

Բաղդասարյանը շեշտեց՝ նախագիծը առավել լայն հնարավորություն է տալիս քաղաքականության մեջ ակտիվ դերակատարություն ունենալու համար. - «Որևէ անգամ Ռոբերտ Քոչարյանը չի հեռացել քաղաքականությունից, ինչ վերաբերում է առավել ակտիվ քաղաքականություն վերադառնալուն, սրանից լայն հնարավորություն որևէ մեկ անգամ չի ընձեռվել»։

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը այսօր չի բացառել, որ այդ հնարավորությունից երկրորդ նախագահը կարող է օգտվել արդեն 2017 թվականին կայանալիք ընտրություններում: Նա տրամաբանությունից դուրս է համարել հնչող կարծիքները, թե երկրորդ նախագահը սահմանադրական փոփոխություններին դեմ է միայն այն պատճառով, որ խորհրդարանական համակարգը գործնականում զրկում է նրան քաղաքականություն վերադառնալու և երկրի ղեկավարի դիրքը վերստին ստանձնելու հնարավորությունից:

«Եթե Ռոբերտ Քոչարյանը իրոք ցանկանա իշխանության գալ, կարող է 2017 թվականին իր գլխավորած ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, փորձել ստանալ ժողովրդի քվեն և ստանձնել երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը»,- այսօր ընդգծել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը։

XS
SM
MD
LG