Մատչելիության հղումներ

Իսլամիստ զինյալները սպառնում են ռուս զինծառայողներին


Սիրիա - Ռուսական «Սու-24» ռազմական օդանավը վայրէջք է կատարում մարտական թռիչքից հետո, 5-ը հոկտեմբերի, 2015թ.

Սիրիա - Ռուսական «Սու-24» ռազմական օդանավը վայրէջք է կատարում մարտական թռիչքից հետո, 5-ը հոկտեմբերի, 2015թ.

Իսլամիստ զինյալները չէին կարող չարձագանքել Սիրիայում ռուսական օդուժի գործողություններին։ Die Welt («Աշխարհ») պարբերականի փոխանցմամբ, նրանք դեռ մեկ շաբաթ առաջ «Գրադ» կայանքից հրթիռակոծել են Լաթաքիայի մոտակայքում ռուսների հսկողության տակ գտնվող ռազմական օդակայանը։

Իսլամիստների թիրախը թռիչքուղին էր, սակայն նրանց արձակած 49 հրթիռներից միայն երկուսն են ընկել օդակայանի հարևանությամբ։ Այդ «Գրադ»-ը զինյալները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի բանակի հետ մարտում են նվաճել։

Die Welt-ը նշում է, որ իսլամիստ զինյալները նաև ֆինանսական պարգև են առաջարկել. ով գերեվարի ռուսաստանցի զինծառայողի` կստանա 21 հազար 200 դոլար։

Պարբերականի փոխանցմամբ, Լաթաքիայի մոտակայքում գործող ահաբեկիչների ջոկատներում կան ազգությամբ չեչեն հրամանատարներ և շարքայիններ, ովքեր «հատուկ հաշիվ ունեն Ռուսաստանի հետ»։

Այդ մոլեռանդները կազմել են «Ադշնադ ալ-Կավկաս», «Ջունդ ալ-Շամ» և «Ջամաաթ Թարխանա» ջոկատները։ Դրանց շարքերում կռվող չեչենները, ըստ մի աղբյուրի, ֆանատիկոսներ են, ոչ մի վտանգից չեն վախենում և ունեն Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի զինվորներին սպանելու մեծ փորձ։

Die Welt-ը գրում է, որ ըստ այդ անանուն աղբյուրի, նույնիսկ մյուս մահմեդական զինյալներն են այդ չեչեններին անվանում «բացարձակապես խելացնոր մարդիկ»։

Մինչդեռ, Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, նախագահ Ասադի դեմ պայքարող «Սիրիայի ազատության բանակ» կազմավորումը տարածաշրջանի երկրներին կոչ է անում «միավորվել ռուս-իրանական դաշինքի դեմ և կանխել Սիրիայի օկուպացիան Ռուսաստանի ու Իրանի կողմից»։

Արևմուտքի բարձրաստիճան զինվորականների համոզմամբ, Սիրիայում ռուսների նպատակը նախագահ Ասադի պաշտպանությունն է։ Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ անվերապահորեն սատարելով Ասադին՝ ռուսները խորացնում են շիաների և սունիների հակասությունները, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ թե՛ տարածաշրջանի և թե՛ հենց ռուսների համար։

Երեկ այդ մասին Մադրիդում խոսել է նաև Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը։ «Մեր մոտեցումն այլ է, մենք ցանկանում ենք պարտության մատնել «Իսլամական պետությանը» և միաժամանակ ապահովել քաղաքական անցումը Սիրիայում։ Ռուսներին թվում է, թե կարելի է մեկն անել առանց մյուսի։ Իսկ դա պարզապես իրատեսական չէ։ Նրանց ծրագիրը դատապարտված է ձախողման։ Եթե նրանք վերանայեն իրենց մոտեցումը, ընդունեն, որ պետք է ձգտել միաժամանակ այդ երկու նպատակին, ապա մենք կկարողանանք կամրջել մեր դիրքորոշումները, բայց այս պահին դրանք շատ են տարբեր», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը, որի եվրոպական այցի օրակարգում Մերձավոր Արևելքի խնդիրն է։

XS
SM
MD
LG