Մատչելիության հղումներ

Վարդան Պողոսյան. Սահմանադրության նախագիծը փարատում է մինչ օրս հնչեցված հիմնական մտահոգությունները


Վարդան Պողոսյան, արխիվ

Վարդան Պողոսյան, արխիվ

Մասնագիտական հանձնաժողովը հարյուրավոր առաջարկներ է ստացել խմբակցություններից և պատգամավորներից, սակայն Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակում տեղ են գտել միայն այն դրույթները, որոնք ընդունելի են եղել Սերժ Սարգսյանի համար՝ այսօր խորհրդարանում փաստաթղթի քվեարկությունից առաջ հայտարարեց հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։

Պողոսյանի խոսքով՝ իրենց կազմած Սահմանադրության նախագիծը փարատում է մինչ օրս հնչեցված հիմնական մտահոգությունները: Վենետիկի հանձնաժողովի առաջարկով Սահմանադրությունից հանվել և Ընտրական օրենսգրքի կարգավորմանն են թողել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի հնարավորությունը՝ կայուն մեծամասնություն ձևավորելու համար: Վերջնական տարբերակի համաձայն, երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը: Կոալիցիա կազմելու կարգն ու սահմանափակումները ևս Ընտրական օրենսգրքի տիրույթում են։

«Դրույթը պարտադրում է Ընտրական օրենսգրքին, եթե դրանով նախատեսվում է երկրորդ փուլ, որպեսզի անպայման երկրորդ փուլի անցկացումից առաջ հնարավորություն տրվի, որպեսզի առանձին կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ կարողանան միավորվել նոր դաշինքների տեսքով՝ առաջին երկու տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերի շուրջ, և դրանով հնարավորություն լինի ապահովել ավելի մեծ հասարակական աջակցություն ձևավորվող կառավարությանը», - մանրամասնեց հանձնաժողովի անդամը։

Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով ՝ այս դրույթը Դաշնակցության պահանջով ամրագրվել է Սահմանադրության այն հոդվածների շարքում, որոնք հնարավոր է փոխել միայն հանրաքվեի միջոցով, այլ ոչ թե Ազգային ժողովում պատգամավորների քվեների մեծամասնությամբ։

«Այսինքն՝ համամասնական ընտրակարգը փոփոխության չի կարող ենթարկվել միայն խորհրդարանի կողմից, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի խորհրդարանի երկու երրորդի մեծամասնության առկայության պարագայում համապատասխան դրույթը դրվի հանրաքվեի և ստանա ժողովրդի աջակցությունը», - մեկնաբանեց Վարդան Պողոսյանը։

Սահմանադրության նախագծով՝ վարչապետին անվստահություն կարելի կլինի հայտնել նշանակումից մեկ տարի անց միայն։ Դա պետք է կառավարության կայունությունն ապահովի, ասում է հանձնաժողովի անդամը։

Հանրապետության նախագահի ընտրության հարցում հանձնաժողովը հաշվի է առել տարբեր խմբակցություններից հնչած առաջարկը ընտրիչների ինստիտուտից հրաժարվելու վերաբերյալ: Բարձրացվել է նաև Ազգային ժողովում նախագահի ընտրության շեմը:

«Նախագահի ընտրության համար նախատեսվում է հնարավորինս բարձր շեմ՝ երեք քառորդ։ Այդ առաջարկությունը նույնպես ներկայացվել է ՕԵԿ խմբակցության կողմից։ Եթե նման մեծամասնություն չկա Ազգային ժողովում, ապա անցկացվում է երկրորդ փուլ, որտեղ անհրաժեշտ է պատգամավորների երեք հինգերորդի մեծամասնությունը։ Եթե նման մեծամասնություն նույնպես չկա որևէ թեկնածուի շուրջ, ապա Հանրապետության նախագահը ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ», - պարզաբանեց Վարդան Պողոսյանը։

Փոփոխություններ են տեղի ունեցել նաև քննադատության արժանացած մի շարք այլ դրույթներում: Հանձնաժողովը հրաժարվել է ՏԻՄ ընտրություններում օտարերկրացիներին ընտրվելու իրավունք ընձեռող դրույթից, փոխզիջման են գնացել նաև հավաքների ազատության մասին հոդվածում. ինքնաբուխ հավաքների դեպքում նախնական իրազեկումը պարտադիր չէ։

XS
SM
MD
LG