Մատչելիության հղումներ

Թռչկանի համար պայքարած հոգսաշատ գյուղացիները ջրվեժը վայելելու ժամանակ չունեն


Բնապահպանների հետ տարիներ առաջ հանուն Թռչկանի հայտնի ջրվեժի ոտքի կանգնած գյուղում՝ Մեծ Պարնիում, ավանդույթ է դարձել՝ սեղան նստելիս խմում են ջրվեժի համար պայքարողների կենացը։

«Մեր գյուղացիները դոշները դեմ տված պայքարեցին։ Ամեն կենացին, ամեն բաժակաճառին խմում, ասում են՝ օղորմի այն մարդկանց հորը, ովքեր այս Թռչկան հիասքանչ ջրվեժը, բնության տված պարգևը նվիրեցին մեր գյուղին, մեր ժողովրդին։ Այդ պարգևը ոչ մեկի ձեռք չանցավ»։

Մեծպարնեցի Սլավա Ավալյանի տունը Թռչկան տանող ճանապարհին է։ Ականատես է՝ սեզոնին ջրվեժն այցելուների պակաս չի ունենում։ Երեք տարի առաջ կառավարությունը հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ տվեց Թռչկանին՝ ամրագրելով, որ տարածքը հանգստից բացի այլ նպատակների համար այլևս անձեռնմխելի է։

«Պայքարեցինք, հասանք... հիմա էլ մարդիկ էս ջրվեժի տեղը գիտեն։ Ես կարամ ասեմ, որ սեզոնին 50-100 մեքենաներով լինում են մարդիկ, մանավանդ շաբաթ-կիրակի օրերին»,- ասում է Ավալյանը։

Բայց իրենք՝ գյուղացիները, Թռչկանը վայելելու ժամանակ առանձնապես չունեն. աշխատանքը շատ է, եկամուտը՝ քիչ։ 16-ամյա Անդրանիկը օրերն է հաշվում` երբ է դպրոցն ավարտելու, որ քաղաք տեղափոխվի։

«Մենք շատ ենք անասուն պահում, բայց չգիտեմ, ես դրա օգուտը հլա չեմ տեսել, բայց պահում ենք։ Մի 30 հատ պահում ենք, բայց ես հլա դրա օգուտը չեմ տեսել։ Հորեղբայրս քաղաք ա ապրում, քեռիներս քաղաք են ապրում։ Ախպերս քաղաք ա գնացել։ Մեր պես ապրում են, ուղղակի երևի մեր պես չեն աշխատում»,- ասում է նա։

Ալենը լավ գիտի մեծպարնեցիների եկամուտների մասին։ Գյուղամիջում գործող սննդի խանութի տերն է։ Գրել-ջնջելուց մաշված տետրում պարտքատերերի ցանկը գնալով ավելանում է։ Թանկարժեք ապրանք չունի, բայց մեկ է պարտքերը դժվար է հավաքում։

«Միշտ էլ եղել ա էդ նիսյեն, որ ասեմ չի եղել, եղել ա, բայց դե էսքան շատ՝ չէ՛։ Ժողովուրդը չունի։ Մի օր կսնանկանանք, խանութը կփակենք, կվերջանա, էլի»։

Ալենն ասում է՝ քանի նիսյայի տետրը կա, միայն խանութի եկամտով գյուղում չես ապրի։ Հողագործությամբ ու անասնապահությամբ էլ են զբաղվում, բայց դա էլ չի հերիքում։ 16 անդամից բաղկացած ընտանիքի 3 տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում՝ դրսից փող բերում.- «Սոված չենք մնում, բայց չենք էլ հարստանում»։

Մեխանիզատոր Լևոն Ղոչիկյանը գյուղում աշխատանք ունեցող եզակիներից է։ Գյուղապետարանը միջազգային կազմակերպությունների դրամաշնորհով նոր տեխնիկա է բերել, ջահելներն են շահագործում, բայց Լևոնը նրանց իր մրցակիցը չի համարում։ Վստահ է՝ տասնամյակների փորձն իրենն ասում է։ Բայց անգամ հաստատուն գործ ունենալը գյուղացուն հաստատուն եկամուտ չի բերում։

«Շատ գործ չեն կարում անենք, բայց մեր ընտանիքի գոյությունը պահում ենք։ Էն ա ես 25 տարի ա, երկրաշարժից հետո դոմիկում ապրում եմ, չեմ կարում, որ մի քարի տուն սարքենք, կամ գումար ըլի, որ առնենք»,- դժգոհում է նա։

Մեծ Պարնին երկրաշարժից տուժած համայնքներից է, 27 տարի անց էլ դեռ քայքայված տնակներում ապրող 46 ընտանիք կա։ Երիտասարդ գյուղապետ Գագիկ Պալյանը խոստովանում է` ունեցած-չունեցած 42 միլիոնանոց բյուջեով անտունների հարցը չի կարող լուծել։ Նախընտրական ծրագրում այդ մասին չի էլ նշել, բայց վստահեցնում է` 2200 բնակիչ ունեցող գյուղում այլ կարևոր գործեր է գլուխ բերում։ Երեք տարի առաջ հաղթել է 16 տարվա գյուղապետին ու առաջարկել նրան իր տեղակալը դառնալ։ Բացառիկ բան է. ընտրված երիտասարդ գյուղապետն առաջարկել է, 60-ամյա նախկին գյուղապետ Հրայր Յաղուբյանն էլ՝ համաձայնել։

«Դա կյանքի օրենքն ա, ես դա ցավագին չեմ ընդունում, ի՞նչ ա եղել։ 16 տարի աշխատել եմ, բավական ա երևի, ի՞նչ ա եղել։ Մարդիկ էլ գտել են, որ երիտասարդ ա, ավելի լավ կվազի, ավելի շատ կաշխատի, պրոբլեմ չունենք մենք։ Հետո առաջարկեց տեղակալ, ես էլ մեծ սիրով համաձայնեցի։ Դա ամենևին ինձ համար վիրավորական չի»,- ասում է Յաղուբյանը։

Գործող 39-ամյա գյուղապետ Գագիկ Պալյանն ասում է՝ իր եռանդի և նախկին գյուղապետի փորձի հաշվին գյուղին մեծ օգուտ են բերել։

«Մեր համայնքում ինչ ես եկել եմ, ու ցանկացած համայնքում եմ կամենում, խռովություն չպետք ա լինի։ Ինչի՞ մասին ա խոսքը»,- ասում է գյուղապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG