Մատչելիության հղումներ

Բորդյուժա․ Անթույլատրելի է Հայաստանի տարածքի գնդակոծումը


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան (ձախից) և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանում են լրագրողների հարցերին, «Բաղրամյան» զորավարժարան, 4-ը հոկտեմբերի, 2015թ․

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան (ձախից) և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանում են լրագրողների հարցերին, «Բաղրամյան» զորավարժարան, 4-ը հոկտեմբերի, 2015թ․

Սեպտեմբերի սկզբից հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կտրուկ աճի առնչությամբ այսօր առաջին անգամ հրապարակավ արտահայտվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հայտարարելով՝ դաշինքի անդամ Հայաստանի տարածքի գնդակոծությունները անթույլատրելի են:

Հայաստանի պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում, որտեղ այսօր ավարտվեցին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի՝ «Անխախտելի եղբայրություն-2015» անվամբ զորավարժությունները, պատասխանելով «Ազատության» հարցին՝ գեներալ-գնդապետ Նիկոլայ Բորդյուժան ասաց․ - «Հայաստանի ներուժը, զինված ուժերը այսօր կարող են ինքնուրույն ապահովել սեփական տարածքի անվտանգությունը: Նրանք հագեցած են բոլոր անհրաժեշտ միջոցներով, Հայաստանի տարածքում առկա են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի պաշտպանեն այս երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Որքան ես տեղյակ եմ՝ դա արվում է բավականին հաջող կերպով»:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածությանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, մասնավորապես, ասաց․ - «Ես դա համարում եմ անթույլատրելի, երբ գնդակոծվում է Հայաստանի Հանրապետության տարածքը, երբ, փաստորեն, խաղաղ բնակավայրերը գնդակոծվում են ծանր զինատեսակով: Սա բացարձակապես ընդունելի չէ: Անհանգստացնում է այն, որ ՀԱՊԿ խորհրդի, կազմակերպության անդամ-պետությունների ղեկավարների, արտգործնախարարների կողմից վերջին շրջանում արված հայտարարություններին ձեր հարևանները փաստորեն չարձագանքեցին: Կարծում եմ, երբ այսօր ռազմական բախումների, գնդակոծությունների քանակն աճում է ողջ միջազգային հանրությունը պետք է ձեռնարկի արտակարգ միջոցներ, որպեսզի կանխի իրավիճակի հնարավոր սրացումը այս տարածաշրջանում»:

Սեպտեմբերի 30-ին՝ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունների մեկնարկի օրը, Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը իր հրապարակային դժգոհությունն էր արտահայտել ադրբեջանական ռմբակոծություններին ՀԱՊԿ անդամ-երկրների լռության կապակցությամբ՝ ընդգծելով, որ ռազմական այդ կառույցի անդամ Հայաստանը անգամ բարոյական աջակցություն չի ստանում իր դաշնակիցներից:

Այսօր Բորդյուժային հարցրեցին՝ ե՞րբ կգա ՀԱՊԿ միջամտության ժամանակը:

«Մենք ունենք համապատասխան մեխանիզմներ: ՀԱՊԿ ուժային, քաղաքական ներուժը գործի է դրվում այն դեպքում, երբ անդամ-պետությունը այլևս ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը և կայունությունը: Այդ ժամանակ այն դիմում է իր դաշնակիցներին, ու ելնելով նորմատիվային փաստաթղթերից՝ դաշնակիցները որոշում են կայացնում օժանդակության բնույթի մասին՝ դա կա՛մ քաղաքական, կա՛մ նյութական-տեխնիկական-ֆինանսական, կա՛մ ռազմական աջակցություն է: Աջակցության բնույթը կախված է ՀԱՊԿ խորհրդի որոշումից: Սակայն այս բոլորի հիմքում տվյալ երկրի դիմումն է՝ աջակցություն տրամադրելու խնդրանքով», - մանրամասնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

XS
SM
MD
LG