Մատչելիության հղումներ

Հայաստանում ստեղծված PicsArt-ը ֆոտոստուդիա հեռախոսային հավելվածից օգտվում է 265 միլիոն մարդ ամենատարբեր երկրներից․ դա թերևս մեր երկրում ստեղծված ամենահայտնի արտադրանքն է:

PicsArt-ի միլիոնավոր օգտատերերից քչերը գիտեն, որ ընկերությունը ստեղծվել է ու գործում է Հայաստանում։ Արտավազդ Մեհրաբյանը և Հովհաննես Ավոյանը ընկերությունը հիմնել են 2010-ին: Հինգ տարի առաջ այնտեղ աշխատում էր ամենաշատը 10 մարդ, այսօր միայն Հայաստանի գրասենյակում աշխատակիցների թիվն անցնում է հարյուրից, ևս քսանն ունեն ԱՄՆ-ում, պատմում է Մեհրաբյանը։

«Որոշեցինք անենք այն, ինչ մեզ դուր է գալիս», - հիշում է նա:

PicsArt հավելվածի միջոցով օգտատերերը կարող են լուսանկարը խմբագրել, տեղադրել շրջանակներում ու տարածել սոցիալական ցանցում։ Ֆոտոխմբագրման հավելվածների գերհագեցած տիրույթում հայկական ընկերությունը հաջողությամբ մրցակցում է անգամ աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերից մեկի՝ նաև Հայաստանում հայտնի Instagram-ի հետ:

Արտավազդ Մեհրաբյանի խոսքով ծրագիրը Photoshop-ի ու Instagram-ի յուրօրինակ միացություն է:

«PicsArt-ը միայն ֆոտոյի հետ աշխատելու գործիք չէ, այլ այն միացությունն է գործիքի և արվեստ սիրողների համայնքի, որի ֆոկուսը արտիստիկ խմբագրումներն են», - պատմում է ընկերության համահիմնադիրը:

Տարվա սկզբից PicsArt-ում ավելի քան 25 միլիոն դոլարի ներդրում է արվել: Վերջին խոշոր ներդրողը ամերիկյան Sequoia Capital ընկերությունն է, որը ներդրումներ է կատարել Google, Apple, YouTube, LinkedIn, Whatsapp, Oracle, Nvidia և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այլ խոշորագույն ընկերություններում:

«Դա ասես ինչ-որ ակումբի անդամ դառնալու նման բան է, որը շատ հետաքրքիր փորձ է, որը մենք ստանում ենք», - ասում է PicsArt-ի համահիմնադիրը: - «Ես Sequoia Capital-ի մասին չգիտեի 2010-ին: Ու երբեք չենք գնացել, ինչ-որ ֆինանսավորում չենք փնտրել: Դա եղել է շատ անակնկալ մեզ համար էլ, իրենք են մեզ գտել», - պատմում է նա:

Ընկերության աշխատողների մեծ մասն ապրում է Հայաստանում, թեև այստեղ քչերն են օգտագործում PicsArt հավելվածը: Արտավազդ Մեհրաբյանի խոսքով՝ Հայաստանից գնալու մասին չեն էլ մտածում ավելին՝ նպաստում են ներգաղթին․ - «Ամերիկայից կամ Հնդկաստանից են դիմում, գալիս են աշխատելու և ուզում են մնալ Հայաստանում, ասում են՝ այս ի՜նչ հոյակապ երկիր է սա, որի մասին մենք չէինք էլ պատկերացնում»:

PicsArt-ը Հայաստանում փորձում է նաև նոր աշխատանքային մշակույթ ներդնել, իրենք են իրենց մասնագետների մեծ մասին պատրաստում, աշխատում են բաց, առանց դռների տարածքում, գրասենյակում հեծանիվ են քշում, սեղանի թենիս խաղում։

PicsArtի համահիմնադիրն ասում է՝ հաջողակ IT ընկերությունները հայաստանյան իրականությունում առայժմ ընդամենը պայծառ կղզիներ են, բայց հավատում է՝ «կղզիները շատանալով, ամեն մեկը մի փոքրիկ լույս տալով՝ ամբողջովին կլուսավորեն Հայաստանը»:

XS
SM
MD
LG