Մատչելիության հղումներ

logo-print

Սահմանադրական փոփոխությունների վերջնական տեքստը երկուշաբթի օրը քվեարկության կդրվի ԱԺ-ում


Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը երեկ ավելի քան 7 ժամ քննարկել է ստացված առաջարկները

Ակնկալվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տեքստը արդեն երկուշաբթի օրը պետք է քվեարկության դրվի խորհրդարանում: Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը երեկ ավելի քան 7 ժամ քննարկել է ստացված առաջարկները, «Ազատությանը» փոխանցեց հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը, հավելելով, որ հանձնաժողովի կարծիքը այժմ խորհրդատվական բնույթ ունի, իսկ առաջարկները ընդունել կամ չընդունելու որոշում պետք է կայացնի հանձնաժողովի անդամներից նախագահի ներկայացուցիչ նշանակված Վարդան Պողոսյանը, ով և վերջնական տեքստը պետք է ներկայացնի պատգամավորների ուշադրությանը:

Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը վստահ է՝ երկուշաբթի օրը սպասվող քվեարկության ընթացքում «դեմ» ձայները ձեռքի մատների վրա կարելի կլինի հաշվել: Ակնկալում է, որ կողմ կքվեարկեն անգամ դեռ չկողմնորոշված ուժերը:

«Կոնսոլիդացիա կա, և դա շատ կարևոր է, որովհետև այդ մասին հատուկ շեշտում էր Վենետիկի հանձնաժողովը», - ասում է Մելիքյանը:

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ գրեթե բոլոր քաղաքական խմբակցությունների տեսակետները հայտնի են․ Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանն» ու Դաշնակցությունը կողմ են, ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը՝ դեմ: ՕԵԿ-ը որոշել է ինտրիգը պահել մինչև վերջ․ խմբակցությունը պատրաստվում է նախագծի վերջնական տեքստին ծանոթանալուց հետո քննարկել, թե որքանով է հանձնաժողովը հաշվի առել իրենց շուրջ 4 տասնյակ առաջարկությունները:

«Բոլոր մեր առաջարկները ներկայացված են, մենք այդ պատասխանները կքննարկենք «Հայկական վերածնունդ» կազմակերպության համակարգող խորհրդի նիստում», - նշեց ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը արդեն հայտնել է իր կարծիքը, ասաց ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը՝ վերարտադրության վտանգ չեն տեսնում․ - «Մենք կսպասենք տեքստին և, բնականաբար, երկուշաբթի օրը լիագումար նիստում Վարդան Պողոսյանը կներկայացնի, թե որ առաջարկներն են ընդունվել, բայց ես մեկ անգամ ասել եմ, նորից եմ ուզում կրկնել (դա իմ անձնական կարծիքն եմ ասում)․ եթե նույնիսկ Սահմանադրության մեջ մի 25 տոկոսը մեզ չի բավարարում, բայց վեկտորը ճիշտ է ընտրված և առաջին երեք պաշտոնյաները ամեն մեկը առանձին վերցրած չունեն այն լիազորությունները, ինչ ունի էսօր Հանրապետության գործող նախագահը, դա մեզ բավարարում է»:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարծում է՝ հոկտեմբերի 5-ին ոչ մի արտասովոր բան չի կատարվի, սպասելի է որ խորհրդարանում փաստաթուղթը հավանության կարժանանա, սակայն ժողովուրդը հստակ գիտի, թե ինչ նպատակով են արվում այդ փոփոխությունները և միավորվելու է «ոչ»-ի շուրջ․ - «Բոլորը գիտեն, որ դրանք շղարշ են, ընդամենը վարագույր են, որի տակ թաքնված է Սերժ Սարգսյանի և Հանրապետականի շարունակությունը, իսկ Հայաստանում նման մարդ չկա, որ այդ հեռանկարը ուզում է տեսնել»:

XS
SM
MD
LG