Մատչելիության հղումներ

Ռուսական օդուժը շարունակում է հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում


Ռուսաստանի կողմից Սիրիայում իրականացվող օդային հարվածների աշխարհագրությունը օրեցօր ընդլայնվում է: Հինգշաբթի երեկոյան և անցած գիշեր ռուսաստանյան օդուժը հարվածներ է հասցրել Բաշար Ասադի հակառակորդների` Հալեպում, Իդլիբում և Համայում գտնվող դիրքերի ուղղությամբ:

Ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում օդային հարվածների առաջին ալիքի որոշ մանրամասներն է ներկայացրել պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնոշենկովը:

«Հաստատվում են տեղեկությունները, որոնց համաձայն «Սու-24Մ» օդանավերի հարվածների արդյունքում ամբողջությամբ ոչնչացվել է զինյալների հրամանատարական կետը Իդլիբ նահանգի հյուսիսում գտնվող Ջիսր-ուլ Շուգուր քաղաքում: Իդլիբ նահանգում նաև ոչնչացվել է «Իսլամական պետության» զինյալների մարզումների համար նախատեսված ճամբարը», - հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչը:

Ռուսաստանյան պաշտպանական գերատեսչության տեղեկություններով հինգշաբթի երեկոյան և անցած գիշեր «Սու-34», «Սու-25» և «Սու-24Մ» մակնիշի ռազմական ինքնաթիռները ընդհանուր առմամբ 18 թռիչք են իրականացրել՝ ոչնչացնելով «Իսլամական պետությանը» պատկանող 12 ռազմական օբյեկտ:

Չնայած Մոսկվայից հնչող այս հավաստիացումներին՝ միջազգային հանրությունը ռուսական օդուժի արդեն երրորդ օրը շարունակվող գործողություններին թերահավատորեն է վերաբերվում` պնդելով, թե Մոսկվան իրականում պատերազմ է հայտարարել Բաշար Ասադի բոլոր հակառակորդներին, այդ թվում՝ Արևմուտքի հետ համագործակցող ընդդիմադիր խմբավորումներին:

Երեկ ուշ երեկոյան Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակվեց յոթ պետությունների` Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Քաթարի կառավարությունների համատեղ հայտարարությունը, որում մասնավորաբար նշված էր․ - «Մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Ռուսաստանի կողմից Սիրիայում իրականացվող գործողությունների` մասնավորաբար Համայում, Հոմսում և Իդլիբում իրականացված օդային հարվածների առթիվ, որոնց թիրախը «Իսլամական պետությունը» չէր: Ավելին, այդ հարվածների արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվել: Ռազմական այս գործողությունները էլ ավելի են սրում իրադրությունը` խթանելով ծայրահեղականության և արմատական տրամադրությունների աճը: Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը` դադարեցնել սիրիական ընդդիմության դիրքերին հասցվող հարվածները և կենտրոնանալ «Իսլամական պետության» դեմ պայքարի վրա»:

Վերջին ժամերին Մոսկվային ուղղված այս կոչը վերահաստատեցին նաև Եվրամիությունն ու Վաշինգտոնը:

Սպիտակ Տան խոսնակ Ջոշ Էռնստը, մասնավորաբար, հայտարարել է․ -«Եթե Ռուսաստանն իրոք անկեղծորեն ցանկանում է պայքարել «Իրաքի և Սիրիայի Իսլամական պետության» դեմ, ապա այն պետք է որոշակի կառուցողական ներդրում ունենա Միացյալ Նահանգների կողմից առաջնորդվող, 65 պետություններից բաղկացած կոալիցիայի գործողություններում: Սիրիական ընդդիմությանը հասցված անխնա հարվածները կարող են վտանգ ներկայացնել հենց Ռուսաստանի համար»:

Սրան ի պատասխան` Նյու Յորքում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը տարբերակում չի դնում Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների միջև:

«Մեր գործողությունները միջազգային կոալիցիայի գործողություններից չեն տարբերվում», - նշել է Լավրովը: - «Եթե որևէ մեկը ահաբեկչի տեսք ու քայլվածք ունի, գործում և կռվում է ինչպես ահաբեկիչ, ուրեմն նա ահաբեկիչ է: Մենք միշտ էլ հայտարարել ենք, որ պայքարելու ենք «Իսլամական պետության» և դրան առնչվող մյուս խմբավորումների դեմ: Դա նույնն է, ինչ անում են ամերիկացիները», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG