Մատչելիության հղումներ

Տնտեսագետ․ «ՀԷՑ-ի կուտակած պարտքի մարումից հետո պետք է էժանացնել հոսանքը»


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի շտապում հստակություն մտցնել այս հարցում, մինչդեռ, ըստ ՀԾԿՀ-ի, հենց այդ պարտքն է թանկացման պատճառը:

Պատկան կառուցներն առայժմ հստակ պատասխան չեն տալիս հարցին՝ կէժանանա՞ արդյոք էլեկտրաէներգիան հաջորդ տարի, երբ արդեն փոխհատուցված կլինի սակավաջրության, ատոմակայանի աշխատանքի չնախատեսված 88-օրյա դադարի և այլ օբյեկտիվ գործոնների հետևանքով ՀԷՑ-ի կրած 24 մլրդ դրամի վնասը։

Ամիսներ առաջ ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը պնդում էր, թե հենց նշված գործոններով պայմանավորված այդ վնասն է հոսանքի թանկացման պատճառը, և եթե այլ աղբյուրներից համապատասխան չափով գումար գտնվի, ապա սակագինը չեն բարձրացնի։

Ինչպես նախօրեին հայտարարվել է, ՀԷՑ-ի նոր սեփականատեր՝ ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանը համաձայնել է սեփական միջոցների հաշվին կառավարության հետ համատեղ մեկ տարվա ընթացքում մարել ՀԷՑ-ի կուտակած պարտքը։ ՀԾԿՀ-ից, սակայն, չեն շտապում պարզաբանել՝ արդյոք՞ պարտքի մարումից հետո հնարավոր չի լինի վերադառնալ նախկին՝ ցածր սակագնին: Որոշ Տնտեսագետներ, օրինակ, պնդում են, որ այդ դեպքում հոսանքը պետք է էժանացնել։

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյան․ «Հաջորդ տարվա օգոստոսի 1-ից, եթե պայմաններ չփոխվեն, պիտի նորից սակագինը վերադառնա 42 դրամին, որովհետև մենք մինչև հաջորդ տարվա օգոստոսի 1-ը կփակենք պարտքը, դա էր իրենց ուզածը»:

Տնտեսագետ Արտակ Մանուկյան․ «Եթե սակագինը մնա 49 դրամ, ապա կնշանակի, որ օգոստոսի 1-ից սկսած, ոչ թե մեզ են բարեգործություն անում, այլ մենք ենք բարեգործություն անում նոր սեփականատիրոջը»։

Հայկ Գևորգյանը հոսանքի էժանացման համար նաև այլ նախադրյալներ է մատնանշում։ «Եթե նայենք գոնե այս տարվա առաջին 8 ամիսների պաշտոնական վիճակագրությունը, սակագինը բարձրացնելու հիմնավորումների մեծ մասը արդեն չեղյալ են, որովհետև թանկ էներգիա արտադրող ՋԷԿ-երը շատ ավելի քիչ են արտադրել այս 8 ամիսներին, քան անցած տարի, և դրա փոխարեն 10 տոկոսով ավելի շատ հոսանք են արտադրել շատ ավելի էժան էլեկտրաէներգիա արտադրող հիդրոէլեկտրակայանները և ատոմակայանը: Դրանց արտադրության ծավալներն անցած տարվա համեմատ, փաստորեն, շեշտակի աճել են»,-պարզաբանում է փորձագետը:

Համաձայն օրենսդրության, հանձնաժողովը սակագինը կարող է փոփոխել 6 ամիսը մեկ անգամ: Տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով, հոսանքը կարող է էժանանալ անգամ տարեսկզբին, քանի որ նույնիսկ ամենաթանկ հոսանքը մատակարարող ՋԵԿ-էրի համար է իրենց արտադրանքն էժանացնելու պայմաններ ստեղծվել։ «Պաշտոնապես գազի գինը 24 դոլարով էժանացել է, այն ՋԷԿ-էրը, որոնք թանկ հոսանք էին ՀԷՑ-ին վաճառում, օգտագործում են գազ, հիմա ունեն ինքնարժեքի նվազում»,- նշում է Մանուկյանը:

Այդուհանդերձ, տնտեսագետները համոզված են, որ իշխանություններն անփոփոխ կթողնեն բարձրացված՝ 49 դրամ կազմող սակագինը, քանի որ թանկացման որոշումն, ըստ նրանց, կայացվել է սնանկացման եզրին գտնվող ընկերութունը գնորդի համար գայթակղիչ դարձնելու համար։

Հայկ Գևորգյան․ «Եթե սակագինը չբարձրացվեր, ապա այդ նոր գնորդը պարզապես չէր հայտնվելու, և ոչ մեկին չէին կարողանալու, ինչպես Հովիկ Աբրահամյանն ասաց, համոզել, խնդրել, որ առներ ՀԷՑ-ը»:

Ի դեպ, հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի և կառավարության հետ միասին, ՀԷՑ-ի պարտքը կմարեն նաև ամսական 250 կվ/Ժ ից ավելի հոսանք սպառող քաղաքացիները, քանի որ գործադիրի որոշմամբ, նրանք հոսանքի համար պարտավոր են վճարել 49 դրամ։

Թանկացման որոշումը չեղարկել պահանջող «Ո՛չ Թալանին» Նախաձեռնությունը խոստանում է փողոցային պայքարով պատասխանել կառավարության այդ որոշմանը: Նախաձեռնությունը, սակայն, դեռևս չի կողմնորոշվել բողոքի գործողությունների ձևի, տեղի և ժամանակի հարցերում:

XS
SM
MD
LG