Մատչելիության հղումներ

Մինսկը պատրաստ է կատարել ՀԱՊԿ շրջանակում իր ստանձնած պարտավորությունները


Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օլեգ Բելակոնև
Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օլեգ Բելակոնև

Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այսօր անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող ռազմական գործողություններին:

«Որպես ՀԱՊԿ անդամ երկիր, մենք յուրաքանչյուր պահի պատրաստ ենք կատարել մեզ վրա վերցրած պարտավորությունները»,- այսօր հայտարարեց գեներալ-մայոր Օլեգ Բելակոնևը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ի՞նչ են մտածում բելառուսական գլխավոր շտաբում Հայաստանի սահմաններին չդադարող լարվածության և դրան ՀԱՊԿ-ի արձագանքի բացակայության մասին:

Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը միևնույն ժամանակ ընդգծեց․ - «Բելառուսը չեզոք երկիր է, խաղաղասեր պետություն է, ունենք խաղաղասեր, պաշտպանական դոկտրինա, որևէ երկրից տարածքային պահանջ չունենք, նման հակամարտությունների կողմնակից չենք: Շատ ենք ցանկանում, որ [հայ-ադրբեջանական հակամարտությունը] հնարավորինս շուտ ավարտվի»:

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրավերով Օլեգ Բելակոնևը երեկ է պաշտոնական այցով ժամանել Հայաստան: Բելառուս բարձրաստիճան զինվորականին ընդունել են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորվել է համագործակցությունը մարտական պատրաստության, հետախուզության բնագավառներում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս և մի շարք այլ ոլորտներում կոնկրետ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

Հատկանշական է, որ Բելառուս բարձրաստիճան զինվորականը Հայաստան է այցելել հայ-ադրբեջանական սահմանին չդադարող լարվածության ֆոնին: Այսօր հաղորդվեց, որ ադրբեջանական ուժերը պետական սահմանը խախտելու փորձ են արել Նախիջևանից՝ Երասխի ուղղությամբ, ինչը կանխվել է: Վերջին շաբաթների սրացման ընթացքում առաջին անգամ է հաղորդվում Նախիջևանի ուղղությամբ միջադեպի մասին:

Այսօր հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին մտահոգություն հայտնեց նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Իհարկե, մենք շատ մտահոգված ենք: Ինչպես դեսպան Ուորլիքն ասաց՝ մենք Նյու Յորքում և Վաշինգտոնում հանդիպումներ կազմակերպեցինք՝ նպատակ ունենալով թուլացնել լարվածությունը, կանգնեցնել բռնությունները, որոնք ոչ մի դեպքում չեն կարող բերել կարգավորման և տևական խաղաղության», - «Ազատության» հետ զրույցում ասաց Միլսը:

XS
SM
MD
LG