Մատչելիության հղումներ

«Մեր տեսլականը հստակ է, մեր ապագան՝ պայծառ», - ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Վրաստանի վարչապետը։

«Վրաստանը փոքր երկիր է՝ մեծ սրտով և մեծ իղձերով», - ՄԱԿ-ում այսպես սկսեց իր ելույթը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, նշելով, որ Վրաստանը ընթանում է ճիշտ ուղղությամբ։

«Մեր տեսլականը հստակ է, մեր ապագան՝ պայծառ», - ասել է Վրաստանի վարչապետը։

Վկայակոչելով Համաշխարհային բանկի վերջերս հրապարակած համապարփակ զեկույցում տարբեր ոլորտներում Վրաստանի արձանագրած նշանակալից առաջընթացը, Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը ժամանակակից, դինամիկ զարգացող և ժողովրդավար երկիր է՝ հավատարիմ օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մամուլի ազատությանը, ժողովրդավարական արժեքներին, Եվրոպական արժեքներին։

Դրական ձեռքբերումները նշելով հանդերձ՝ նա ընդգծել է, որ անվտանգության ոլորտում Վրաստանը դեռ մարտահրավերների է հանդիպում՝ հանձինս Ռուսաստանի։

«Ռուսաստանի Դաշնությունը, այսպես կոչված, սերտ ինտեգրման համաձայնագրեր է ստորագրել Սուխումի և Ցխինվալիի հետ, Ռուսաստանի կողմից նախկինի պես շարունակվում է մեր երկրի ինքնիշխանության խախտումը, սողացող օկուպացիան և միջազգային իրավունքի անտեսումը։ Չնայած այս ամենին, մենք փորձում ենք Ռուսաստանի հետ պրագմատիկ հարաբերություններ հաստատել», - ասել է Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով, Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված կառուցողական քայլեր է անում՝ փորձելով խթանել առևտուրը, տրանսպորտային հաղորդակցությունը, տուրիզմը, բոլոր ոլորտները, որտեղ կարելի է համագործակցել։

«Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն կարող կառուցվել մեր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին», - շեշտել է Վրաստանի վարչապետը՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանը ի վերջո կկատարի միջազգային պարտավորությունները և կդառնա միջազգային հանրության պատասխանատու անդամ։

«Միաժամանակ, ես ցանկանում եմ մեկ անգամ ևս վերահաստատել մեր ամուր հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը», - հայտարարել է Ղարիբաշվիլին։

XS
SM
MD
LG