Մատչելիության հղումներ

Պառավաքարի բնակիչները դեռ կյանքի բնականոն ռիթմին չեն վերադարձել


Վերջին օրերին սահմանամերձ Պառավաքարի բնակիչները այլևս ստիպված չեն նկուղներում գիշերել, բայց կրակոցները ամեն օր շարունակում են հնչել, գյուղի մոտ 20 հեկտար այգիների խաղողն էլ հավաքել չեն կարողանում:

«Կրակում են ժողովրդի վրա, մարդը մտնում է իրան վազուտի մեջ՝ կրակում են», - «Ազատության» հետ զրույցում պատմում էին նրանք:

Ամեն անգամ ուժգնացող գնդակոծությունից հետո, գյուղացիները հեռուստացույցով տեսնում են սահմանի վիճակի մասին խոսող պետական այրերին, բայց չնայած խոստումներին՝ կյանքը սահմանամերձ գյուղերում չի փոխվում։ Ուշադրություն ու օգնություն պահանջելուց, ասում են, արդեն հոգնել են, միայն թե լավ կլիներ գոնե փոխհատուցում ստանային չքաղած խաղողի դիմաց։

Տավուշի մարզկենտրոնից 45 կիլիոմետր հեռավորության վրա գտնվող Պառավաքարը հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 2 կիլոմետր է հեռու։ Այստեղ ոչ միայն խաղողը հավաքելն է բարդ խնդիր, այլև անասուններին արածացնելը։

Գյուղի խանութն օգտվում է սահմանամերձ շրջաններին տրված հարկային արտոնությունից, բայց արտոնություններն էլ չեն օգնում, երբ պարտքի տետրերում արդեն ազատ էջեր չկան։

Գյուղում վնասված տանիքներն ու ծակված պատերը նորոգել երբեմն չեն էլ հասցնում։ Ականների բեկորներ գտնելը այստեղ սովորական է դարձել։

Սաստիկ կրակոցների դեպքում սահմանամերձ Պառավաքարում համարյա բոլոր տները որպես ապաստարան ծառայող սենյակներ կամ նկուղներ ունեն։

«Հերոս ժողովուրդ են ըստեղ ապրող ժողովուրդը, եթե պետությունն էլ մի քիչ օգնի՝ արտագաղթ չի լինի, էլի՜․․․ եթե չօգնի՝ մոտ մի տարուց կգա կտենա, որ ժողովուրդ չկա», - ափսոսանքով ասում են պառավաքարցիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG