Մատչելիության հղումներ

Ազատամարտիկն իր հետ կատարվածի մեջ դարձյալ մեղադրում է ՀՖՖ-ի նախագահին


Բռնության ենթարկված Սմբատ Հակոբյանը հիվանդանոցում, 21-ը սպետեմբերի, 2015թ․

Բռնության ենթարկված Սմբատ Հակոբյանը հիվանդանոցում, 21-ը սպետեմբերի, 2015թ․

Սմբատ Հակոբյանը նաև նշում է, թե մինչ այժմ իր տված ցուցմունքներում ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի անունը չի հիշատակել։

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում դաժան ծեծի ենթարկված և ծանր մարմնական վնասվածքներով վերակենդանացման բաժանմունք տեղափոխված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանն այսօր, ինչպես և միջադեպի հաջորդ օրը, իր հետ կատարվածի համար դարձյալ մեղադրեց ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանին։ Թեև, հիշեցնենք, ընդամենը մեկ շաբաթ առաջ Հակոբյանը լրագրողներին հորդորում էր այս պատմության մեջ չհիշատակել Հայրապետյանի անունը։

«Հիմնական նախաձեռնողը, այսինքն՝ հովանավորը հանդիսացել է Ռուբեն Հայրապետյանը»,- այսօր պնդեց Հակոբյանը: Որպես հնչեցրած մեղադրանքի հիմնավորում, ազատամարտիկն ընթերցեց, իր ներկայացմամբ, հունիսի 22-ի գիշերը Բաղրամյան պողոտայում հոսանքի թանկացման դեմ անցկացված բողոքի ցույցի ժամանակ Ռուբեն Հայրապետյանի հետ ունեցած հեռախոսազրույցի սղագրությունը։

«Արա այ․․․ կեղտոտ զազրախոսություն, քեզ ասում եմ՝ գնա վեր ընկի տանդ, թե չէ կասեմ՝ կբռնեն, ոտերդ կջարդեն: Պատասխան՝ տո․․․ նման հայհոյանքով պատասխան ա ստանում, շատ ներողություն բոլորիցդ, էդ դու ե՞ս, ու շարունակություն, բառերդ չափավորի ու չափդ ճանաչի: Իր կողմից շարունակությունը՝ արդեն անձնական կեղտոտ բնույթի հայհոյանք՝ մորս վերաբերյալ»:

Հակոբյանը նաև պնդեց՝ իր վրա 6-7 հոգի են հարձակվել, գլխամաշկի պատռվածքը ստացել է հենց Հայրապետյանի՝ Տիգրան անունով թիկնապահի կռփազենքի հարվածից։ Ազատամարտիկը վստահեցնում է՝ վերջինիս հետ անձնական, կենցաղային կամ ֆինանսական խնդիրներ երբևէ չի ունեցել։

«Էդ հարվածների տեղալու ժամանակ իրանք կասեին՝ արա էս ում ես պարտք, էս ում ես քրֆել, բայց ասում էին՝ արա, էս ու՞մ դեմ ես դուրս էկել․․․»,- շարունակեց Հակոբյանը:

Միջադեպի հաջորդ օրը Ռուբեն Հայրապետյանը հերքել էր իր կամ իր թիկնապահի դերակատարումը բռնության մեջ, ընդգծելով, որ ինքը Տիգրան անունով թիկնապահ չունի, իսկ Հակոբյանի մասին ասել էր, թե «հայտնի խաբեբա է և կատարում է քաղաքական պատվեր»։

Հակոբյանին ծեծի ենթարկելու փաստով մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որոնց թվում՝ Տիգրան անունով մարդ չկա: Նրանցից երկուսը կալանավորված են, երրորդը գրավով ազատ է արձակվել։ Ազատամարտիկի փաստաբանը պատրաստվում է բողոքարկել դատարանի այդ որոշումը։

«Մեր օրենսդրության մեջ գրավ կիրառել չի թույլատրվում ծանր հանցագործությունների պարագայում»,- հիշեցրեց փաստաբանը: Իսկ Սմբատ Հակոբյանն, իր հերթին, հայտարարեց․ «եթե մեր երկրի պատկան մարմինները, գործող իշխանությունները, ընդհուպ՝ մինչև առաջին դեմքը, սրա հովանավորը չեն ու իրենք չեն հովանավորում էս բեսպրեդելը, հենց էս վարկյանից իրենք պատժամիջոցներ պիտի կիրառեն:

Այսօր հենց իր առանձնատանը հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ պարբերաբար Ռուբեն Հայրապետյանի անունը շեշտող ազատամարտիկը, սակայն, նշեց, թե մի քանի անգամ հարցաքննվել է, սակայն իր ցուցմունքներում Հայրապետյանի անունը երբևէ չի հիշատակել։

«Ես հիմա հայտարարեցի էդ մասին, եթե պատկան մարմինները կգան ինձ կհարցնեն Ռուբեն Հայրապետյանի մասին, իհարկե նույնն իրենց եմ ասելու:

Հայրապետյանի հետ նույն համայնքում բնակվող Սմբատ Հակոբյանի անվտանգությունն ապահովելու համար վերջինիս առանձնատան բակում ոստիկանությունը շուրջօրյա հերթապահություն է սահմանել։

XS
SM
MD
LG