Մատչելիության հղումներ

Ռուսները շարունակում են ռմբահարումները Սիրիայում


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Սիրիայում իրականացրած օդային գրոհի մասին, 1 հոկտեմբերի, 2015թ.
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Սիրիայում իրականացրած օդային գրոհի մասին, 1 հոկտեմբերի, 2015թ.

Արևմուտքը ենթադրում է, որ ռուսները հարվածում են Ասադի ընդդիմադիրներին։

Արտասահմանում ռուսների ամենախոշոր գործողությունն Աֆղանստանից հետո

Ռուսական օդուժն այսօր շարունակել է երեկ Սիրիայում նախաձեռնած ռմբահարումները։ Սաուդյան Արաբիան Մոսկվային կոչ է արել անհապաղ դադարեցնել դրանք, իսկ Կրեմլն, իր հերթին, նորից պնդել է, որ թիրախը «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերն են։

Փորձագետները նշում են, որ ռուսների գրոհները արտասահմանում իրականացրած ամենախոշոր օպերացիան է 1980 թվականին Աֆղանստան ԽՍՀՄ բանակի ներխուժումից հետո։

Ամերիկացի և ռուս զինվորականները քննարկում են Սիրիայում թյուրիմացության արդյունքում հնարավոր բախումները կանխելու հարցը։ Արևմուտքի պաշտոնյաներն ու Սիրիայի ընդդիմությունը պնդում են, որ ռուսների օդային գրոհների թիրախ դարձած տարածքներում «Իսլամական պետության» դիրքեր չկան։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Նյու Յորքում, որտեղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել են երկու պետությունների պատվիրակությունները, իր մտահոգությունները հայտնել է ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովին։

«Բոլորիս ցանկությունն է, որ Սիրիան լինի դեմոկրատական, միացյալ և աշխարհիկ պետություն, որտեղ երաշխավորված են բոլոր ազգությունների և դավանանքների իրավունքները, բայց մենք որոշ տարաձայնություններ ունենք այդ նպատակին հասնելու ընթացքի վերաբերյալ»,- արձագանքել է Լավրովը։

«Զարմանալի է, բայց ռուսները «Իսլամական պետությանը» չեն ռմբահարել»

Քերրին, իր հերթին, ասել է, որ ռուսները հարվածներ են հասցնում ոչ թե «Իսլամական պետությանը», այլ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող Սիրիայի չափավոր ընդդիմության զինյալներին։

«Հարկ է «Իսլամական պետությունը» թիրախ դարձնել, մեր մտահոգությունն այն է, որ դա դեռ տեղի չի ունեցել»,- ասել է պետքարտուղարը։

«Զարմանալի է, բայց ռուսներն «Իսլամական պետության» դիրքերը չեն ռմբահարել»,- ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ֆրանսիացի օրենսդիրներին և ավելացրել.- «Դուք ինքներդ դրանից կարող եք եզրակացություն անել»։

Լավրովը հայտարարել է, թե այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Սիրիայի ազգային կոալիցիան, որին անդամակցել են Ասադի դեմ պայքարող ուժերը, հայտարարել է, որ ռուսների ռմբահարումների հետևանքով սպանվել է առնվազն 36 խաղաղ բնակիչ, այդ թվում 5 երեխա։

«Ակնհայտ է, որ ռուսների միջամտության նպատակը Բաշար ալ-Ասադին պաշտպանելն է»,- ասել է Սիրիայի ազգային կոալիցիայի ղեկավար Խալեդ Խոջան։

Պատասխանելով այդ հայտարարությանը, Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Օրլովն ասել է, որ այդ կարգի մեղադրանքները տեղեկատվական պատերազմի մաս են կազմում են, որի ընթացքում մեկը մյուսին փորձում է վարկաբեկել։

Ռուսները երեկ 20, իսկ այսօր մոտ 30 մարտական թռիչք են իրականացրել և հարվածներ են հասցրել Ջիզր ալ-Շուղուր ավանի, Զավյայի շրջանում, Իդլիբի և Համայի մարզերում։

Ինքնակալը, աստվածապետը և բռնապետը

Նախօրեին շատ դիպուկ հայտարարությամբ է հանդես եկել Պուտինին մշտապես քննադատող սենատոր, Սենատի զինված ուժերի հարցերի հանձնաժողովի նախագահ Ջոն ՄքՔեյնը։

«Ողբերգություն է, որ հասել ենք այս օրվան` Սիրիայի հակամարտության զոհ է դարձել ավելի քան 200 հազար մարդ, այն հրահրել է Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայում միգրանտների ամենախոշոր ճգնաժամը, ծնել է տասնյակ հազարավորների հասնող ահաբեկիչների բանակ։ Հիմա էլ հնարավոր է դարձրել, որ Ռուսաստանի ինքնակալը միանա Իրանի աստվածապետին, որ երկուսով սատարեն Սիրիայի բռնապետին»,- ասել է ՄքՔեյնը։

XS
SM
MD
LG