Մատչելիության հղումներ

Վերաքննիչը սկսեց Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների բողոքի քննությունը


Աշխատանքից ազատված Մետրոպոլիտենի աշխատակիցները

Աշխատանքից ազատված Մետրոպոլիտենի աշխատակիցները

Վերաքննիչ դատարանում այսօր սկսվեց Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների բողոքի քննությունն ընդդեմ նախկին ղեկավարության։

Նրանք բողոքարկում են առաջին ատյանի դատարանի որոշումը։ Թեև դատարանը անհիմն էր որակել նրանց աշխատանքից ազատելու հրամանները, բայց աշխատանքը վերականգնելու որոշում չէր կայացրել՝ հիմնվելով Մետրոպոլիտենի պատճառաբանության վրա, թե նախկին աշխատատեղերը կրճատումների պատճառով այլևս գոյություն չունեն։

Կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքի ակցիաներից անմիջապես հետո աշխատանքից ազատված Գագիկ Գալստյանը, Սևակ Հովհաննիսյանը և Անդրանիկ Գևորգյանը հույս ունեն, որ վերաքննիչ ատյանը ի վերջո կկատարի իրենց հիմնական պահանջը և դատական կարգով կկարողանան վերականգնել նախկին աշխատատեղերը։

Առաջին ատյանի դատարանի որոշումը, որով անհիմն ճանաչվեցին ազատման հրամանները, ապացուցում է, որ իրենց ազատել են բողոքի ակցիաներին մասնակցելու համար, ասում են գործազուրկ տղամարդիկ։ Իսկ նախկին ղեկավարության պատճառաբանությունը, թե իրենց հետ վերցնել չեն կարող կրճատումների պատճառով, համարում են արհեստական։

15 տարի մետրոպոլիտենում աշխատած մեքենավարները մեկուկես տարի է, հիմնական աշխատանք չեն կարողանում գտնել։ Նրանց աշխատանքային գրքույկում նախկին գործատուն նշել է, որ աշխատանքից ազատելու պատճառը աշխատողի նկատմամբ անվստահությունն է։ Այս գրառումը ընտանիքը կերակրող տղամարդկանց համար էական խոչընդոտ է դարձել։

«Դա նենց մասնագիտություն է, որ ամեն տեղ չկա։ Բացի դրանից ունենք ուրիշ մասնագիտություններ, որոնք օգտագործում ենք, բայց դրանք մշտական բնույթ չունեն»,- ասում է Գագիկ Գալստյանը։

«Օրինական չենք կարող աշխատել, քանի որ մեր աշխատանքային գրքույկի մեջ այնպիսի հոդված է, այդ հոդվածը կարդալով՝ մեզ ուղղակի աշխատանքի չեն ընդունում։ Ասում են՝ երբ դատարանը կբեկանի էդ որոշումը, նոր կգաք, կաշխատեք, կամ մի 2-3 պետք է աշխատեք անվճար, որպեսզի տեսնենք՝ իրոք էդ մարդն եք։ Անվճար աշխատելը ի՞նչ իմաստ ունի»,- տարակուսում է Սևակ Հովհաննիսյանը։

Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների շահերի պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Քրիստինե Գևորգյանը Ազատության հետ զրույցում նշում է Մետրոպոլիտենի թույլ տված խախտումները՝ աշխատակիցներն ազատել են թերացումների համար այն դեպքում, երբ գրանցամատյաններում դրանց մասին նշումներ չեն եղել, իսկ գրանցամատյաններում ստորագրող նրանց անմիջական ղեկավարին որևէ տույժի չեն ենթարկել։ Նա, ի դեպ, հրաժարվել դատարան գալ պարզաբանումներ տալու։

«Եվ եթե նրանց աշխատանքը չի կատարվել կամ ձևական է կատարվել, ապա ինչո՞ւ նրանց անմիջական պետը ևս չի ենթարկվում նման կարգապահական նկատողության կամ չեն ազատում աշխատանքից»,- հարցնում է փաստաբանը։

Վերաքննիչ դատարանը որոշում կկայացնի հոկտեմբերի 15-ին։

XS
SM
MD
LG