Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքով, ոչ իշխանական եռյակի ձախողումից հետո իրավիճակ է փոխվել, ամռան ընթացքում քաղաքացիական նախաձեռնություններին հաջողվեց քաղաքացիներին դուրս բերել փողոց, ինչը պատգամավորի խոսքով ապացուցում է, որ հասարակությունը պայքարելու կենսունակություն ունի։

«Այս մի ճակատը ունի մի առավելություն, որ այստեղ ոչ թե ինչ-որ ուժի, ինչ-որ մեկի համար են անում, այլ անում են Հայաստանը վերահաս վտանգից փրկելու համար», - մեկնաբանեց Մանուկյանը:

Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատը, ըստ Մանուկյանի, ուժեղ է նաև նրանով, որ այստեղ միավորված են քաղաքական և քաղաքացիական ուժերը։ Ընդդիմադիր պատգամավորին ոգևորում է նաև ժողովրդի տրամադրվածությունը, նրա կարծիքով հասարակությունը այս փոփոխություններին դեմ է․ - «Ես չեմ տեսել որևէ տեղ որևէ մեկին, ով արգումենտներով հիմնավորեր, որ Սերժ Սարգսյանը այս երկրի շարունակության համար անհրաժեշտ է: Այսօր Հայաստանը ոչ թե «ոչ» ասելու, այլ «ոչ»-ը կազմակերպելու կարիք ունի: Եթե ճիշտ, խելոք կազմակերպվի, բոլոր այն «ոչ»-երը, որոնք Հայաստանում կան, տակը ուրիշ բան չի մնա, «այո» չի մնա»:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով հիմա պետք է մոռանալ նախկինում տեղի ունեցածը և միասնաբար պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ։ Նրա խոսքով հասարակությունը միշտ էլ աջակցել է ընդդիմադիրներին, բայց իր կարծիքով փողոց դուրս գալու համար քաղաքացիները երկու պահանջ ունեն․ - «Դա այն է, որ ընդդիմությունը միասնական լինի, երկրորդ՝ ուղերձները և գործողությունների նկատմամբ վճռականությունը պետք է հստակ լինեն»:

Մարտիրոսյանը կարծում է, որ արդյունավետ պայքարի համար սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատը և Հանրային փրկության ճակատը պետք է միավորվեն։

«Ոչ» ասող ուժերի վաղվա հանրահավաքում ՀԱԿ-ը կներկայացնի Արամ Մանուկյանը։ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը կներկայացնի առաջնորդը՝ Ստեփան Դեմիրճյանը։ «Հիմնադիր խորհրդարանի» և «Ժառանգության» դեպքում վերջնական որոշում դեռ չի կայացվել։ «Ազատության» հետ զրույցում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ինքը հրապարակում լինելու է, չբացառեց նաև, որ հանրահավաքին մասնակցի Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Քաղաքացիները ընդամենը ցանկանում են իրավիճակի փոփոխություն իշխանափոխության ճանապարհով, որովհետև բոլորի համար ակնհայտ է, որ այս իշխանությունները որևէ դրական քայլ չեն անելու», - հավելեց Մարտիրոսյանը:

«Ոչ»-ի ճակատը միավորած «Չեք անցկացնի» նախաձեռնությունը արդեն մի քանի օր է՝ Երևանում իրազեկման ակցիաներ էր իրականացնում։ Վաղվա հանրահավաքի նպատակը, ըստ նախաձեռնության, առաջիկայում խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների հարցով սպասվող քվեարկության վրա ազդելն է։ Հանրահավաքից հետո նաև երթ կանցկացվի։

XS
SM
MD
LG