Մատչելիության հղումներ

Ավելի քան 2 միլիոն եվրոյի աջակցություն Հայաստանին՝ ժողովրդավարական բարեփոխումների համար


Եվրամիությունը Եվրոպայի խորհրդի համաֆինանսավորմամբ ավելի քան 2 միլիոն եվրոյի աջակցություն կցուցաբերի Հայաստանին 4 ծրագիր իրականացնելու համար: Ուշադրության կենտրոնում են ընտրական գործընթացների բարելավումը, կոռուպցիան բարձրագույն կրթության ոլորտում, քրեական արդարադատության համակարգի բարեփոխումները՝ պայքարը վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ, ինչպես նաև առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը բանտերում:

Համագործակցության այս միջոցառումները, ըստ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի, կօգնեն Արևելյան գործընկերության մեջ ներառված երկրներին ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել, առավել ևս, որ միանալով այս կառույցին՝ Հայաստանը մի շարք պարտավորություններ է ստանձնել:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովա
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովա

«Ազատության» հետ զրույցում Վուտովան դժվարացավ պատասխանել, թե որքանով է Արևմուտքի ֆինանսական աջակցությունը արդյունավետ ծախսվում Հայաստանում:

«Մենք գումարներ չենք փոխանցում նախարարությունների բանկային հաշիվներ, այլ ինքներս ենք կառավարում ֆինանսական միջոցները, և դա կարծես սահմանափակում է միջոցների չարաշահման բոլոր հնարավորությունները», - պարզաբանեց նա:

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը՝ Վուտովան դրական է գնահատում իշխանությունների քաղաքական կամքի դրսևորումը ժողովրդավարության և մարդու իրավունքների հաստատման հարցերում:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին հիշեցրեցինք, որ օրեր առաջ «Ազատության» հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպանը ասել էր, որ կոռուպցիան վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը:

«Մենք մոնիթորինգային խմբեր ունենք, որոնք ներկայացնում են, թե ինչպես են անդամն պետությունները իրականացնում պարտավորությունները: Ուստի մեր գնահատականների համար հիմք են հանդիսանում մեր անկախ մասնագետների զեկույցները», - նշեց Վուտովան:

Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Պարույր Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրուցում շեշտեց, որ արևմտյան գործընկերների հետ գործողությունների նոր ծրագրի շուրջ քննարկումների ժամանակ նկատվել է, որ Հայաստանը բավական բարձր վարկանիշ ունի արդարադատության, մարդու իրավունքների հետ կապված մի շարք ոլորտներում: Այդուհանդերձ Հովհաննիսյանն ասում է՝ եթե խնդիրներ չլինեին, Եվրոպան հենց այնպես փող չէր ծախսի:

«Անկեղծ ցանկությունն է Եվրամիության՝ բարելավելու իրավիճակը: Պարզ պատճառներով՝ կոռուպցիայի վերացումը կնպաստի ժողովրդավարության, տնտեսական աճին: Եվրամիությունը հետաքրքրված է ստեղծելու իր շուրջ բարգավաճ պետությունների մի օղակ: Դրան է հենց ուղղված Արևելյան գործընկերությունը», - պարզաբանեց ԱԳՆ ներկայացուցիչը:

Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցության ընթացքում իրականացված աշխատանքները Եվրոպական այս կառույցի ղեկավար Նատալյա Վուտովան ընդհանուր առմամբ դրական է գնահատում, այդուհանդերձ ավելացնում է՝ չլուծված հարցեր դեռ մնում են:

«Ժողովրդավարական հասարակարգ ստեղծելու հիմքում ընտրություններն ու ազատ լրատվամիջոցներն են», - ասում է Նատալյա Վուտովան՝ հիշեցնելով, որ արևմտյան ֆինանսավորման մի մասը ուղղված է հենց ընտրական գործընթացների բարելավմանը․ - «Մենք հավատում ենք, որ այս և մյուս տարվա ընթացքում շատ գործ կարվի օրենսդրությունը բարեփոխելու, ընտրությունների մոնիթորինգը, ընտրական արշավները կազմակերպելու և հենց ընտրության օրը կազմակերպելու ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG