Մատչելիության հղումներ

logo-print

Ղրղըզստանից դեպի ԵՏՄ անդամ երկրներ արտահանվող ապրանքների ծավալները կրճատվել են


Ղրղըզստան - Բիշքեկ

Ղրղըզստան - Բիշքեկ

Գործարարները վերջին ամիսների իրենց անհաջողությունները կապում են ԵՏՄ-ում հայտնվելու արդյունքում ստեղծված փաստաթղթային քաշքշուկներով։

Շուրջ երկու ամիս առաջ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ դարձած Ղրղըզստանում իշխանությունների խոստացած ներդրումները դեռ օդում կախված են։

Կրեմլի գլխավորած տնտեսական դաշինքին միացած Բիշքեկն առայժմ չի շտապում պարզաբանել, թե ինչու են ուշանում ցանկալի ներդրողները, փոխարենը՝ մեծ պատրաստակամությամբ հայտարարում է, որ կմիանա «Ռոսսելխոզնադզոր»-ի նախաձեռնությանը՝ վերացնելու Ռուսաստանի կազմած պատժամիջոցների ցանկում հայտնված ապրանքները։

«Ազատության» Current Time հեռուստակայանի Ղրղըզստանի թղթակցի փոխանցմամբ, Մոսկվայում վաղուց մոխիր դարձած «Պարմեզան»-ը, «Մոցառելա»-ն և մի շարք այլ ապրանքատեսակներ երկրում դեռևս հասանելի են, սակայն Ղրղըզստանի կառավարությունը պատրաստ է հետևել ռուսաստանցի գործընկերներին, եթե Մոսկվայից համապատասխան ցանկություն հայտնեն։ Նման քայլով, ըստ ղրղըզ պաշտոնյաների, կխթանեն հայրենական արտադրությունը։

Մինչդեռ ԵՏՄ-ում հայտնված Ղրղըզստանի գործարարները ոչ թե այդ ապրանքատեսակների ներկրմամբ են պայմանավորում վերջին ամիսների իրենց անհաջողությունները, այլ ԵՏՄ-ում հայտնվելու արդյունքում ստեղծված փաստաթղթային քաշքշուկներով։

«Հասկանալի է, մենք մտնում ենք ինչ-որ տեղ, այնտեղից պահանջում են ինչ-որ փաստաթղթեր, ինչ-որ հավաստագրեր, այն մասին, որ ապրանքը համապատասխանում է ինչ-ինչ չափանիշների և այլն։ Ի՞նչ չափանիշների մասին է խոսքը, որտեղի՞ց վերցնել նման փաստաթղթեր՝ անհասկանալի է», - ասում է ղրղըզ գործարար Ուրան Նիյազալիևը, ով երկու ամիս է չի կարողանում լոբի արտահանել այլ երկիր, այդ թվում՝ Ռուսաստան։ Նրա խոսքով, գլխավոր տնտեսական գործընկերոջ հետ առևտուրը չի հեշտացել։

Արդյունքում մեկ տարվա ընթացքում Ղրղըզստանից դեպի Ռուսաստան և դաշինքի անդամ մյուս երկրներ արտահանվող ապրանքների ծավալները մեկ երրորդով կրճատվել են։

«Մենք դեռ մի կերպ դիմանում ենք, կարի այլ արտադրամասեր պարզապես փակվում են, որովհետև կտորները թանկացել են, իսկ Ռուսաստանում ինչ-որ բան վաճառելը այլևս ձեռնտու չէ», - կարծում է կարի արտադրամասի սեփականատեր Նուրժան Կունասովան։

«Այն, որ նույնիսկ դերձակներն են իրենց կորցրել, մեղավոր են միայն ու միայն իշխանությունները», - պնդում են փորձագետները։

«Մենք իրենց բազմիցս ենք զգուշացրել։ Եվ այժմ դժգոհել, որ անդամակցությունը ոչինչ չի տալիս, անիմաստ է », - ասում է տնտեսական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ժուսուպ Պիրիմբաևը։

Մինչ ԵՏՄ-ին անդամակցելը Ղրղըզստանում շահավետ էր համարվում նաև Չինաստանի հետ առևտուրը։ Այժմ այդ հնարավորությունն առևտրականների համար անցյալում է մնացել՝ ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներկրվող ապրանքների տուրքերը զգալիորեն բարձրացվել են, ինչի հետևանքով էլ ապրանքն է թանկացել։

«Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ կարելի է ներկրել և ինչը ոչ, որևէ տեղեկություն չունենք։ Վստահ չեմ, թե իրենք՝ սահմանապահները, որևէ բանից տեղյակ են», - տարակուսում է Ղրղըզստանում նախկինում մեքենաների առք ու վաճառքով զբաղվող Անդրեյ Դուբչենկոն։

XS
SM
MD
LG