Մատչելիության հղումներ

Պողոսյան. «Հայաստանն իր զինանոցում ունի տարբեր զինատեսակներ՝ ոչ միայն ռազմական, այլև իրավական»


Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում հնչեցրած իր ելույթում Սերժ Սարգսյանը խստորեն քննադատեց Ադրբեջանի վարած «ագրեսիվ» քաղաքականությունը: Ըստ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանի, դեռ մի քանի տարի առաջ էլ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը սկսի լայնամասշտաբ պատերազմ, Հայաստանը ստիպված է լինելու ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իրավական իմաստով, և անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններն ամբողջությամբ կկատարի:

«Նախագահի այս թեզը նոր չէ, ես վստահ եմ, որ բանակցությունների ժամանակ էլ շատ անգամ օգտագործվել է։ Բայց Հայաստանը միշտ նաև իր ներկայացումների մեջ ասել է՝ «այն, որ մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դա միայն և միայն այն բարի կամքն է մեր կողմից ձեր խնդրանքով, քանի որ կա նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը. չնստեմ ես, նախօրոք ճանաչելով այդ կարգավիճակը, սեղանի շուրջ։ Դրանից հետո բանակցությունները դառնում են ինչ որ չափով անիմաստ»», - ասաց Պողոսյանը։

ԱԺ պատգամավորն ընդգծեց՝ բանակցությունները միակողմանի չեն լինում և չի կարող Հայաստանն ամեն անգամ նստել բանակցությունների սեղանին, փորձել ինչ-որ բաների շուրջ համաձայնության գալ, պայմանավորվել, իր պարտականություններն անել, հարգել միջազգային հանրության խնդրանքը և դրա դիմաց մյուս կողմից որևէ արձագանք չստանալ։

«Եվ սա այն խնդիրն է որտեղ, եթե միջազգային հանրությունը չի ձեռնարկելու որևէ քայլեր, որտեղ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ իր անցած այդ կարմիր գիծը, սահմանը, ռուբիկոնը գործողություններով արած քայլերը և արհամարհանքի աստիճանը, եթե որևէ ազդեցություն չկա դրա վրա, ապա Հայաստանն էլ ունի իր կարմիր գծերը, ունի իր խնդիրները, որոնք հանդուրժելու ինչ-որ աստիճան կա, և եթե պետք է, մենք դրա մասին մեկ անգամ ևս ձեզ կհիշեցնենք, քանի որ դուք լավ գիտեք, և մենք մի քանի անգամ էլ ասել ենք, որ դուք էլ նաև հասկանաք, որ բանակցությունները միակողմանի չեն լինում», - ասաց Պողոսյանը։

Ըստ ԱԺ պատգամավորի, նախագահի հայտարարության հիմքում դրված էր այն խնդիրը, որ բոլորը մեկ անգամ ևս վերհիշեն և գիտակցեն, որ Հայաստանն իր զինանոցում ունի տարբեր զինատեսակներ՝ ոչ միայն ռազմական, այլև իրավական, որոնք կարող է օգտագործել։ «Եվ եթե ձեր խնդիրն այն է դառնալու, որ Ադրբեջանին ամեն ինչ պետք է ներվի, ապա մենք էլ մեր քայլերը կանենք», - ասաց Պողոսյանը։

XS
SM
MD
LG