Մատչելիության հղումներ

Ռուսաստանի օդուժն առաջին հարվածներն է հասցրել Սիրիայում


Ռուսական ավիահարվածները Սիրիայում

Ռուսական ավիահարվածները Սիրիայում

Իրադարձությունները Սիրիայում շատ արագ են զարգանում. Մոսկվան հայտարարել է, որ ռազմական գործողություններ է սկսում Սիրիայի տարածքում Ասադի խնդրանքով։ Եվ ամերիկյան աղբյուրները վեց ժամ անց հայտնում են, որ այսօր Ռուսաստանն արդեն ռմբակոծել է Հոմս քաղաքի մոտակայքը։

Ավելի վաղ Սիրիայի իրավապաշտպան կազմակերպությունները հայտնել են, որ Հոմսում ռմբակոծության հետևանքով շուրջ 27 մարդ է զոհվել։ Ամերիկյան FOX հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ Ռուսաստանը պահանջել է Միացյալ Նահանգներից Սիրիայի օդային տարածքից հանել ամերիկյան ռազմական օդուժը։

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը այսօր առավոտյան միաձայն հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ, ընդ որում, հարցը քննարկել է փակ ռեժիմով։

Անցած տարի Ուկրաինայի արևելքում ընթացող թեժ հակամարտության ժամանակ Պուտինն արդեն մի անգամ դիմել էր Դաշնության խորհրդին նման խնդրանքով, սակայն հետո իր առաջարկը հետ էր կանչել։

Այսօր փաստորեն առաջին անգամ Ռուսաստանի նորագույն պատմության ընթացքում այդ երկրի զորքերը մասնակցում են ռազմական գործողությունների հետխորհրդային տարածքից դուրս։

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ Պուտինի առաջարկը վերաբերում է կոնկրետ Սիրիային.- «Խոսքը բացառապես ռազմաօդային ուժերի մասին է, և ռուսական զինուժը ցամաքային գործողություններ չի իրականացնելու»։ Նույնը Նյու Յորքում ՄԱԿ-ի ամբիոնից երկու օր առաջ հայտարարել էր Պուտինը։

Երկու օր առաջ Օբամա-Պուտինը հանդիպմանը քննարկվել են Սիրիայի խնդիրների կարգավորման հնարավոր ուղիները։ Սերգեյ Իվանովի փոխանցմամբ՝ ռազմական օգնության խնդրանքով Վլադիմիր Պուտինին դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ Ընդ որում, Իվանովն այսօր հայտարարել է, որ խոսքը ոչ թե ինչ-որ արտաքին քաղաքական նպատակների կամ ամբիցիաների մասին է, այլ սոսկ Ռուսաստանի ազգային շահերի։

Մոսկվան տվյալ դեպքում հայտարարում է, որ մտադիր է օգնել Սիրիայի բանակին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG