Մատչելիության հղումներ

Ստյոպա Սաֆարյանը կարծում է՝ Արևմուտքը հոգնել է Ադրբեջանից


Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, անդրադառնալով ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթին, ընդգծում է՝ Հայաստանի նախագահը, ըստ էության, նախազգուշացրեց միջազգային հանրությանը, որ եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, ապա Հայաստանը ղարաբաղյան խնդրին իրավական լուծում կտա. կա՛մ կճանաչի Ղարաբաղի անկախությունը, կա՛մ Հայաստանի հետ վերամիավորման հարց կդնի:

«Կլինի դա ճանաչման, թե վերամիավորման տեսքով՝ սա արդեն ճաշակի և տեխնիկական լուծումների հարց է։ Ի վերջո, եթե անգամ լինի ճանաչում, պարզ է, որ հաջորդ քայլը կլինի վերամիավորումը՝ առավել ևս այս իրավիճակում, երբ Հայաստանը միաժամանակ պարտավորված է լուծելու Լեռնային Ղարաբաղի անվտանգության խնդիրը»,- ասաց Սաֆարյանը։

Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ մինչև ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալը Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ խոսել էր Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված հանձնաժողովի նիստում, որտեղ փորձարկել էր նույն թեզերը, կրկին խոսել էր Ադրբեջանին պատժելու մասին ու նաև հայտարարել.- «Երբ ես ասում եմ Հայաստան, Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է»:

Ստեփան Սաֆարյանը ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը որևէ բացասական արձագանք չտվեց Հայաստանի նախագահի այս հայտարարություններին։

«Թերևս սա Հայաստանի միջազգային դիրքերի ուժեղության ապացույցն է, թերևս սա նաև խոսում է այն մասին, որ աշխարհն էլ է համոզվել, որ եկել է Ադրբեջանին պատժելու պահը։ Ես, իհարկե, չէի ցանկանա, որ Ադրբեջանի պատժումը կատարվեր Հայաստանի ձեռքերով, բայց հասկանանք, որ եթե դրան չեն հաջորդում այն նույն ռեակցիաները, ինչ, օրինակ, հաջորդեցին Ղրիմի հանրաքվեի կապակցությամբ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի դեպքում, և դրանից հետո նաև բարձրագույն մակարդակով Հայաստանի նախագահը ընդունելության է արժանանում Սպիտակ տան ղեկավարի, նրա ընտանիքի կողմից և ճաշկերույթի է մասնակցում, սա նշանակում է մի բան, որ Արևմուտքը կարծեք թե այլևս խնդիր չունի Հայաստանի այդօրինակ ուղերձների հետ։ Սա նշանակում է, որ Արևմուտքը նույնպես հոգնել է Ադրբեջանից, և թերևս սրանով է բացատրվում, թե որքան խորն են Արևմուտքի և Ադրբեջանի հակասությունները։ Դրանք այն աստիճանի են, որ Իլհամ Ալիևը անգամ չի էլ համարձակվում մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վեհաժողովին»,- նկատեց քաղաքագետը։

XS
SM
MD
LG