Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազի պնդմամբ, 35 մլն դրամը և 100 հազար դոլարը «մերձավոր ազգականներից» են ստացել


Գևորգ Կոստանյան, Հայաստանի գլխավոր դատախազ, արխիվ

Գևորգ Կոստանյան, Հայաստանի գլխավոր դատախազ, արխիվ

Պաշտոնապես հրապարակված հայտարարագրերի համաձայն, 38-ամյա Կոստանյանն անցած տարվա դրությամբ ունի 82 միլիոն դրամ (ավելի քան 170 հազար դոլար), այն դեպքում, երբ տարեկան հազիվ 20 հազար դոլարի աշխատավարձ է ստանում:

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր «անտեղի» ու «անկարևոր» որակեց լրագրողի հարցը, թե այդ ո՞ր առատաձեռն բարերարն է իրեն նվիրել 35 մլն դրամ, իսկ կնոջը՝ 100 հազար դոլար:

«Ազատության» ճշտող հարցին ի պատասխան՝ ինչպե՞ս է միայն պետական պաշտոններ զբաղեցրած երիտասարդ պաշտոնյան այդքան կարողություն կուտակել, դատախազը պարզաբանեց՝ բարեկամներ ունի, խոշոր գումարներն էլ մերձավոր ազգականներն են տվել:

«Նվերներ, որոնք ես վերցրել եմ միայն իմ մերձավոր ազգականներից, նենց չի, որ մենք ընտանիք, բարեկամ, հարազատներ չունենք: Եվ երիտասարդ դատախազը չի կուտակել: Երբեք որևէ նվեր չեմ ստացել և չեմ ստանալու, հանգիստ եղեք»,- ասաց Կոստանյանը:

Ի դեպ, մինչև այս տարվա սկիզբը գլխավոր դատախազի հայրը՝ Սուրիկ Գևորգյանը զբաղեցնում էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը: Այդ պաշտոնը լքելու պահին, հրապարակված հայտարարագրի համաձայն, նա ունեցել է 25 հազար դոլար և 37 միլիոն դրամ: Ուժային կառույցների ղեկավարների կարողությունների մասին լրագրողների հարցերը գլխավոր դատախազը տեղին չէր համարում, հակադարձելով՝ «իսկ այլ հարցեր չունե՞ք, ես չեմ հասկանում»:

Գլխավոր դատախազը նաև ասաց՝ եթե իր հայտարարագրած ունեցվածքը կասկած է առաջացնում, թող բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերն ուսումնասիրող հանձնաժողովը զբաղվի դրանով: Մինչդեռ՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծված այդ հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ նշել էր՝ կասկածելի դեպքերում հետագա քննության իրականացումն իրենց լիզորությունների մեջ չէ:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ստեղծվել է գրեթե երեքուկես տարի առաջ՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: Մինչ այսօր, սակայն, այն չի մատնանշել որևէ պաշտոնյայի, ով հարստացել է՝ չարաշահելով դիրքը:

Հայտնի չէ նաև որևէ դեպք, երբ իրավապահները հետաքննություն են սկսել՝ պարզելու հարցը՝ արդյոք պաշտոնյաների ստացած նվերները կապ ունե՞ն կոռուպցիոն ռիսկերի հետ, թե՞՝ ոչ: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի իրավախորհրդատու Հերքինազ Տիգրանյանը պնդում է՝ նախագահականում աշխատող հանձնաժողովը որոշ դեպքերում անգործության է մատնված:

«Հանրային ծառայության մասին օրենքի համաձայն, էթիկայի հանձնաժողովը կարող է իր նախաձեռնությամբ վարույթ հարուցել, և եթե ես (հանրությունը) չեմ տեսնում նվիրատուի անունը՝ ով է Պողոս Պետրոսյանը, բայց հանձնաժողովը տեսնում է՝ նվիրատու Պողոս Պետրոսյան, կարող է ստուգել, հարցում անել, տվյալ բարձրաստիճան պաշտոնատար անձից գրավոր բացատրություն պահանջել՝ ո՞վ է Պողոս Պետրոսյանը, ազգակցական ի՞նչ կապի մեջ է գտնվում իր հետ, և արդյո՞ք իրենց ընկերային հարաբերությունները թույլ կտային, որ ինքը այդ նվիրատվությունն աներ:

Եթե դրա դիմաց նա շահել է որևէ իրավունք, ասենք՝ լիցենզիա, կամ գործ է կարճվել, այստեղ արդեն կան հանցագործության հատկանիշներ, գործը կգնա դատախազություն»,- պարզաբանեց Տիգրանյանը:

XS
SM
MD
LG