Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանը քննարկել ու մերժում է «Էրեբունի-Երևան» տոնակատարության գումարները սահմանային գյուղերի կարիքներին ուղղելու՝ քաղաքացիների ստորագրահավաքով ներկայացված պահանջը:

Երևանը համայն հայության մայրաքաղաքն է՝ փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը բացատրում է՝ ինչու է պետք տոնը հպարտությամբ ու ներկայանալի նշել: Հազարավոր ստորագրություններով պահանջին՝ տոնակատարության գումարն ուղղել սահմանամերձ գյուղեր, քաղաքային իշխանությունները հակադարձում են՝ հիշելով սահմանապահներին․ - «Պիտի հարգվի սահմանապահի՝ մեր զինվորի ոգին, և միջոցառումները կայանան»:

Տոնը նշելու համար միայն համայնքային բյուջեից այս տարի ծախսվելու է 130 միլիոն դրամ՝ ավելի քան 270 հազար դոլար, որը, փոխքաղաքապետի պնդմամբ, չի կարող օգտագործվել Երևանից դուրս՝ օրենքի պահանջն է: Եվս 30 միլիոն էլ արդեն հավաքել են հովանավորներից, բայց դա էլ սահման չեն ուղարկի․ - «Մենք բարոյական իրավունք չունենք ուղղորդելու նպատակային տրված գումարը մեկ այլ նպատակի, որքան էլ որ խնդիրը լինի բոլորիս համար մտահոգիչ»:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև մտադիր չէ համեստ նշել տոնը, քաղաքապետարանում արդեն համեստ են համարում միլիոնավոր դրամների ծախսը՝ համեմատելով այլ քաղաքների հետ, խնդրանք-զանգեր են ստացել՝ հրավառությունից հանկարծ չհրաժարվեք: Աղմկահարույց ստորագրահավաքից հետո էլ որևէ երգիչ չի մերժել մասնակցել այս տարվա համերգին: Դրսից աստղերի չեն հրավիրել, տեղականները կստանան 100-ից 150 հազարական դրամ հոնորար:

«Քաղաքապետարանը բարեգործական հիմնարկ չէ», - սահմանային գյուղերին օգնելու թեման փակում է Արամ Սուքիասյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ արդեն վաղվանից շուրջ 2800 ընտանիքների կենցաղային տեխնիկա են բաժանելու՝ բարեգործություն-նվեր Երևանի տոնին:

Նվերից չէին հրաժարվի Երևանից 140 կիլոմետր հեռու սահմանամերձ Գետահովիտում: Այստեղ լսել են առաջարկը՝ չնշել Երևանի տոնն ու գումարով, օրինակ, իրենց գյուղի՝ խմելու ջրի հարցը լուծել:

«Մարդիկ շատ նեղ վիճակում են ապրում, գիշեր-ցերեկ կրակոցներ ա: Ավելի լավ ա թող գումար տան՝ ժողովուրդը յոլա քինա, ապրեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը:

«Տոնը ի՞նչ ա, եթե մարդիկ մահանում են, ինչքան վնասներ ունենք ներկա պահին․․․ ավելի լավ ա գումարով օգնեն ներկա պահին», - հավելեց մյուսը:

Ի դեպ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը տոնը նշելու որոշումը կայացրել է հենց ստորագրահավաքի օրերին՝ տարբեր նախարարությունների հանձնարարելով միջոցներ ձեռնարկել ամեն ինչ պատշաճ կազմակերպելու համար:

XS
SM
MD
LG