Մատչելիության հղումներ

ՔԿ-ն Սյունիքի մարզպետի որդուն ազատ արձակելու միջնորդությամբ դիմել է Գլխավոր դատախազություն


Ոստիկանները դատարան են ուղեկցում Տիգրան Խաչատրյանին, 27-ը հուլիսի, 2015թ.
Ոստիկանները դատարան են ուղեկցում Տիգրան Խաչատրյանին, 27-ը հուլիսի, 2015թ.

Հայաստանի քննչական կոմիտեն դիմել է Գլխավոր դատախազություն` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ արձակելու միջնորդությամբ։ Այս մասին այսօր հայտարարել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

«Սդղի գյոլ»-ի տարածքում մայիսի 2-ին Հարություն Զաքարյանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող 20-ամյա Տիգրան Խաչատրյանը կալանավորված է հուլիսի 27-ից՝ աչքի տեսողությունը կորցրած Հարությունի ցուցմունքի հիման վրա։

«Նախաքննության մարմնից միջնորդություն ենք ստացել խափանման միջոցի փոփոխության հետ կապված` պայմանավորված նրանով, որ առերեսման արդյունքում ինչ-որ նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Այսօր նոր ստացել ենք, մենք կուսումնասիրենք, այսինքն՝ գործը հսկող դատախազը կուսումնասիրի և իր վերաբերմունքը կցուցաբերի այդ հարցի կապակցությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Կոստանյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է գլխավոր դատախազն անձամբ վերաբերվում մարզպետի որդու խափանման միջոցի փոփոխման հնարավորությանը, Կոստանյանը արձագանքեց.- «Ես չունեմ կանխակալ վերաբերմունք որևէ անձի, որևէ խափանման միջոցի նկատմամբ։ Խափանման միջոցը վերանում է, եթե այն հանգամանքները, որոնց համար խափանման միջոց է ընտրվել, վերանում են։ Ցանկացած դեպքում, բոլոր գործերով։ Եվ այս գործը բացառություն չէ»։

Թե որոնք են նոր հանգամանքները, որոնց հիման վրա մարզպետի որդուն ազատ արձակելու հարց է դրվում, Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց. ծեծկռտուքի մասնակիցներից Յուրա Մանուչարյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

«Մինչև ինքնախոստովանական ցուցմունք տալը նա իմ անվամբ, քննիչի անվամբ և մյուս փաստաբանների անվամբ դիմում էր գրել, նշել էր, որ ինքն է հարվածել տուժողին, ծանր մարմնական վնասվածք ինքն է պատճառել։ Մանուչարյանի և տուժողի միջև եղել է առերեսում, առերեսման ժամանակ Մանուչարյանը կրկին պնդել է իր ցուցմունքը և իր հայտարարությունը, որ ինքն է հարվածել։ Իսկ տուժողը հայտնել է, որ ինքը հստակ չի կարող ասել. հնարավոր է՝ ոչ թե Տիգրան Խաչատրյանն է իրեն հարվածել, այլ Մանուչարյանն է հարվածել։ Այսինքն՝ միանշանակ չի պնդել, որ Տիգրանն է, ոչ թե Մանուչարյանը »,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Փաստաբանը հավելեց՝ նաև այլ վկաներ են հայտարարել, որ Հարություն Զաքարյանին հարվածել է Յուրան, ոչ թե մարզպետի որդին։

Տուժողի հայրը, ով նախօրեին պնդում էր, որ որդին նախնական ցուցմունքները չի փոխել, այսօր արդեն հեռախոսազանգերին չի պատասխանում, անհասանելի է նաև տուժողի փաստաբանը։

Ավետիք Բուդաղյանի սպանության գործով 2013-ի ամռանը կալանավորված Տիգրան Խաչատրյանն այն ժամանակ էլ կալանավայրում մնաց ընդամենը երեք ամիս։ Քննչական մարմինը հիմնավորեց, որ Ավետիքին սպանելն ու եղբորը՝ Արտակ Բուդաղյանին ծանր վիրավորելը ինքնապաշտպանական դրդապատճառներ են ունեցել, ուստի ոչ Տիգրան Խաչատրյանի, ոչ էլ մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի արարքներում հանցակազմ չկա։

Բուդաղյանների պաշտպանությունն իրականացնող ու արդեն Եվրադատարան դիմած Հայկ Ալումյանը, ով հենց սկզբից էլ կասկածում էր, թե «Սդղի գյոլ»-ի գործով Տիգրան Խաչատրյանը մի քանի ամսից ավելի կմնա ճաղերի հետևում, զարմացած չէ ստեղծված իրավիճակից։

«Հարյուր աչքի առաջ է տեղի ունեցել ամեն ինչը, ու սա այսքան երկար քննվելու գործ չէր, 1-2 ամիս հետո պիտի գնար դատարան։ Ինչո՞ւ են այսքան երկար քննել՝ միայն մի պատճառով, չեն էլ քննել է, այնքան են ձգել, մինչև իրավիճակը փոխվի, Տիգրանին բաց թողնեն։ Ասենք, մի ամիս գործն են քննել, մնացած ամբողջ ժամանակ միջոցներ են փնտրել՝ ոնց անեն, որ այս լուծումը ստանան»,- նշեց փաստաբան Ալումյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը համոզված է, որ մարզպետի որդուն հերթական անգամ ազատ արձակելու հարց առանց բարձրագույն ղեկավարության միջամտության չէր կարող առաջ քաշվել։

«Այս բոլոր դեպքերով քրեական գործերը իրավաբանության հետ ոչ մի աղերս չունեն. դրանք հեռախոսազանգերով են կարգավորվում։ Եթե ստացվել է համապատասխան հեռախոսազանգ՝ ունենալ քրեական գործում այսպիսի կամ այնպիսի ցուցմունք, ապա կլինեն այդ ցուցմունքները անկախ տուժողներից, և կստացվի այն արդյունքը, որ արդյունքը որ ակնկալում են»,- «Ազատության» հետ զրույցում նշեց իրավապաշտպանը։

«Փորձել գտնել՝ եղել են ցուցմունքներ, չեն եղել, ինչ-որ մեկը տվել է կամ չի տվել այդ ցուցմունքները, կամ ինչու է տվել, դա մի քիչ ժամավաճառությամբ զբաղվելու պես մի բան է։ Որովհետև և՛ Սուրիկ Խաչատրյանը, և՛ Սամվել Ալեքսանյանը, և՛ Գագիկ Ծառուկյանը և մնացած բոլոր այն քրեածին, քրեական անցյալով, քրեական ներկայով և անկասկած քրեական ապագայով այսօրվա քաղաքական և պետական գործիչները այնպիսի մեծ ծառայություններ են մատուցել այսօրվա իշխանությանը և անձամբ Սերժ Սարգսյանին, որ նրանք գերպաշտպանված են։ Սերժ Սարգսյանը նրանց աջակցությամբ, նրանց շնորհիվ, նրանց ջանքերով և նրանց մատուցած ծառայությամբ է, որ արդեն այսքան տարի գտնվում է ՀՀ նախագահի աթոռին։ Եվ նա ամեն ինչ պարտավոր է անել, որպեսզի նրանցից որևէ մեկի գլխից մի մազ չպակասի, և այսօր նա անում է այդ գործը։ Ուզում է թե չի ուզում՝ նա կախված է նրանցից, նրանց ուսերին է նստած իշխանությունը, և եթե նրանք իրենց ուսը թոթափեն՝ իշխանությունը կընկնի»,- եզրափակեց իրավապաշտպանը։

XS
SM
MD
LG