Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը երեկ երեկոյան բերման ենթարկեց ևս մեկ ակտիվիստի


Վարդան Հարությունյանը գրաֆիտի է անում Մաշտոցի պուրակում, 29-ը սեպտեմբերի, 2015թ.
Վարդան Հարությունյանը գրաֆիտի է անում Մաշտոցի պուրակում, 29-ը սեպտեմբերի, 2015թ.

Վարդան Հարությունյանը ոստիկանությունում հայտնվեց Մաշտոցի պուրակում գրաֆիտի անելու համար։

Երեկ երեկոյան ոստիկանները Մաշտոցի պուրակից բերման ենթարկեցին ակտիվիստ Վարդան Հարությունյանին։ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» շարժման անդամը պուրակում գրաֆիտի էր անում՝ գրելով շարժման կարգախոսը՝ «Ոչ»։

Ոստիկանությունն ակտիվիստին բերման ենթարկելիս վկայակոչեց Վարչական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ կետը՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը։

Վարդան Հարությունյանը ոստիկանության Կենտրոնականի բաժնում մնաց մոտ երկու ժամ։ Նրան ազատ արձակեցին վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելուց հետո։

«Հարցրեցին` «ի՞նչ է նաշանում «Ոչ»-ը, ես պատասխանեցի՝ «Ո՛չ՝ Ալիևի ռեժիմին», հետո ինձ խնդրեցին, որ անցումների վրա չանեմ, ասեցին՝ «շենքերի վրա գոնե խփեք», ես ասեցի՝ «դա եմ հարմար գտնում, եթե խախտում եմ անում պատասխանատվության ենթարկեք»», - պատմեց Հարությունյանը։

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության ներկայացուցիչ Արշակ Մուսախանյանի խոսքով, ոստիկանությունն իրենց ապօրինի գաղտնալսում է՝ նախօրոք տեղեկանալով ակցիաների տեղի ու ժամի մասին։

«Մենք գնահատում ենք սա որպես իրավունքների խախտում սովորական։ Սա էլ որերորդ դեպքն է շատ լարված են արձագանքում մեր միջոցառումներին իշխանությունները։ Ոստիկանությունը նման դեպքերի ժամանակ պետք է արձանագրություն կազմի, եթե գտնում է, որ խնդիր կա այդտեղ, մասնավորապես՝ գրաֆիտի անելը «Ոչ»-ի պատկերով, բայց ոստիկանները տեղում ձերբակալում և տանում են ոստիկանության բաժին, ինչը իրավունքների խախտում է», - ասաց Մուսախանյանը։

Մեկ օր առաջ էլ գիշերը ժամը 1։30-ի սահմաններում ոստիկանությունը գրաֆիտիներ անելու համար բերման էր ենթարկել «Չե՛ք անցկացնի» շարժման չորս ակտիվիստների։ Ակտիվիստները փորձել էին մեծ «Ոչ» գրել հատակին։ Շատ ժամանակ չանցած գրաֆիտիներն արդեն մաքրված էին։

Հանրային վայրերում նման պատկերներ անելով՝ ակտիվիստները իրազեկում են ուրբաթ օրը Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի մասին։ «Ոչ»-ի ճակատում պնդում են, որ ճնշումները իրենց ծրագրերին չեն խանգարի։

Ուրբաթ օրը նախատեսված հանրահավաքին ընդառաջ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը այսօր ևս իրազեկման ակցիա անցկացրեց։ Մի քանի տասնյակ քաղաքացիներ Երևանի կենտրոնում թռուցիկներ էին բաժանում։

«Ոչ»-ի ճակատը միավորած «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունից Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հետաքրքրությունը գործընթացի նկատմամբ մեծանում է, դրան է նպաստել նաև Գյումրիի բազմամարդ հանրահավաքը:

«Եթե հանրության մեծ մասը դեմ է, ապա Երևանն էլ միանշանակ դեմ է լինելու սահմանադրական փոփոխություններին», - ասում է նա:

Հոկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին կմասնակցեն նաև խորհրդարանական ընդդիմության՝ Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգության» ներկայացուցիչները, ինչպես նաև «Հիմնադիր խորհրդարանը»։

Հանրահավաքից հետո ցույցի մասնակիցները երթով կանցնեն Երևանի կենտրոնական փողոցներով։​

XS
SM
MD
LG