Մատչելիության հղումներ

Դատարանը մերժել է Սավչենկոյի՝ իրեն ստի դետեկտորով հարցաքննելու միջնորդությունը


Նադեժդա Սավչենկոն դատարանում, 29-ը սեպտեմբերի, 2015թ.

Նադեժդա Սավչենկոն դատարանում, 29-ը սեպտեմբերի, 2015թ.

Ռուսաստանի Ռոստովի մարզի Դոնեցկի դատարանում այսօր ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն պահանջել է իրեն հարցաքննել ստի դետեկտորի միջոցով: Դատարանը մերժել է միջնորդությունը:

«Քննչական մարմիններն, ըստ երևույթին, վախենում են, որ գործը կփլվի, երբ պարզվի, որ ես չեմ ստում»,- դատարանում հայտարարել է երկու ռուս լրագրողի սպանության և սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող Նադեժդա Սավչենկոն:

Դատավորը, միջնորդությունը մերժելու որոշումը պատճառաբանելով, նշել է, թե Ռուսաստանի օրենսդրությունը չի նախատեսում ամբաստանյալի հարցաքննություն ստի դետեկտորի միջոցով:

Սավչենկոյի ցուցմունքը, ըստ նրա պաշտպանների, հերքում է մեղադրանքն ամբողջությամբ: Ըստ ցուցմունքի, Սավչենկոն անցյալ տարվա հունիսի 16-ին տեղեկություն է ստացել, որ կրակում են ուկրաինական զորքերի վրա, վերցրել է ինքնաձիգը և գնացել, եղել է Լուգանսկ և Շաստյե բնակավայրերի միջև:

Ռուս լրագրողների սպանության մեղադրանքը հերքելով՝ Սավչենկոն հայտարարել է, որ ինքն անձամբ զանգահարել է ուկրաինական բանակի ներկայացուցիչներին և հորդորել չկրակել այդ տարածքում ներկա մարդկանց վրա, պնդել է՝ «մի՛ կրակեք ճանապարհների ուղղությամբ, նրանք մեզ դեռ պետք կգան»։

Սավչենկոյի նկարագրած իրադարձությունների վայրը, ըստ պաշտպանների, չի համընկնում մեղադրանքի վկայակոչած վայրին, որտեղ սպանվել է երկու ռուս լրագրող: Ընդ որում, Սավչենկոն վկայել է, որ այլ լրագրողներից է իմացել ռուս լրագրողների սպանության մասին: Պաշտպանները, Սավչենկոյի պնդումները համադրելով մեղադրանքի հետ, նշում են՝ լրագրողները սպանվել են Սավչենկոյի գերեվարումից երկու ժամ հետո:

Նկարագրելով գերի ընկնելու պահը, Նադեժդա Սավչենկոն պատմել է, որ իրեն ռուսական տարածք բռնի ուժով տեղափոխող անձինք աչքի էին ընկնում ռուսերեն խոսվածքով:

Սավչենկոն պատասխանել է նաև հարցին, թե ինչ էր անում ավելի վաղ Կիևում՝ Մայդանում: Ուկրաինացի օդաչուն ասել է, որ մասնակցել է ակցիաներին, քանի որ ցանկանում է ապրել ազնիվ՝ ազատ երկրում: Սավչենկոն պնդել է, որ եթե չբռնազավթվեր Ղրիմը, Դոնբասում պատերազմ չէր լինի: «Բայց ես հանգիստ եմ վերաբերվում նաև Դոնբասում ապրող մարդկանց: Չկա վատ ժողովուրդ, ամեն տեղ կան առանձին մարդիկ: Իմ մեջ ատելություն չկա»,- ասել է նա։

Սավչենկոն «քարոզչության զոհ» է համարել այն դիպուկահարներին, որոնք իրենց գործունեությունը Դոնբասում բացատրում են «ռուսների փրկությամբ»: «Ես խղճում եմ ռուսական աշխարհի պաշտպաններին: Նրանց ուղեղը քարոզչությունից քաղցկեղ է ստացել»,- հայտարարել է Սավչենկոն և համոզմունք հայտնել, որ Ուկրաինայի տարածքում նման գործունեությամբ զբաղվող մարդիկ պետք է պատասխան տան օրենքի առջև:

Հետազոտելով Սավչենկոյի մեղադրանքի հիմքում դրված մեղադրական ցուցմունքները և վկայակոչելով այսօր հարցաքննված տուժողի ցուցմունքների հակասությունները՝ Սավչենկոյի պաշտպանները պահանջել են դադարեցնել քրեական հետապնդումը, քանի որ, ըստ նրանց, մեղադրանքն անհիմն է, իսկ Ռուսաստանի օրենսդրությամբ անձը չպետք է քրեորեն հետապնդվի ապացույցների բացակայության պայմաններում:

Ի դեպ, դատական նիստին այսօր մասնակցել է նաև Սավչենկոյի մայրը՝ Մարիա Սավչենկոն, նրա շապիկին դստեր լուսանկարն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG