Մատչելիության հղումներ

logo-print

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը կոչ է արել ժողովրդավարական հանրաքվե ապահովել


Հայաստանի Ազգային ժողովի փոխանցմամբ՝ Ստրասբուրգում Վեհաժողովի աշնանային լիագումար նստաշրջանի կապակցությամբ գումարված նիստի ժամանակ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը ընդունած հայտարարությունում ողջունել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումները։

«Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունում է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների առաջընթացը, որն իրականացվել է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ: Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝ արդյունքում ստացվել է միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ փաստաթուղթ»,- ասված է այդ հայտարարությունում։

Հանձնաժողովը նաև ողջունել է այն փաստը, որ սահմանադրական փոփոխություններն ընդունվելու են հանրաքվեով: Այն կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին՝ մասնակցելու հանրաքվեին և դրա մասը կազմող խորհրդակցություններին:

«Հանձնաժողովը նշում է, որ առաջարկվող բարեփոխումներում որոշ հարցեր քաղաքականապես վիճելի են, և դրանց շուրջ հայաստանյան հասարակության մեջ թեժ քննարկումներ են տեղի ունենում: Քաղաքական համակարգի ընտրության հարցը Հայաստանի քաղաքացիների գործն է, և միայն նրանք են որոշում ընդունելու առաջիկա հանրաքվեի ժամանակ, ուստի հանձնաժողովը կոչ է անում քաղաքական բոլոր շահագրգիռ կողմերին ապահովել, որպեսզի հանրաքվեն անցկացվի ժողովրդավարական ամենաբարձր չափանիշների համաձայն»,- նշված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG