Մատչելիության հղումներ

Ազատամարտիկի մահվան գործով ամբաստանյալները չեն ընդունում մեղադրանքը


Վարդան Թումանյանի լուսանկարը

Վարդան Թումանյանի լուսանկարը

Ազատամարտիկ Վարդան Թումանյանի մահվան գործով ամբաստանյալներն այսօր դատարանում հայտարարեցին, թե չեն ընդունում իրենց մեղքը։

«Ջունգլ» մականունով հայտնի Գևորգ Սարգսյանն ու երկու զարմիկները՝ Սարգիս Ղուկասյանն ու Վիկտոր Հովսեփյանը շարունակում են պնդել, որ կապ չունեն 54-ամյա տղամարդու մահվան հետ։

Ազատամարտիկի հարազատները, մինչդեռ, հայտարարեցին, որ ամբաստանյալները Թումանյանին ծեծել են սպանելու նպատակով, և որ այս քրեական գործը ի սկզբանե կոծկվել է՝ կատարվածը սպանություն որակելու փոխարեն նախաքննական մարմինը մեղմ հոդված է առաջադրել ամբաստանյալներին։ Տուժող կողմի փաստաբան Տիգրան Մուրադյանն այսօր բացարկ հայտնեց գործով դատախազ Յուրի Աղայանին` պնդելով, թե նա կողմնակալ է։

«Մահվան պատճառի վերաբերյալ նման հակասական եզրակացությունների պայմաններում, երբ մեղադրողը, հանդես գալով որպես պաշտոնատար անձ, նշում էր, թե եզրակացություններում հակասություն չկա, վկայում է նրա մոտ սխալ ներքին համոզմունքի, կամայականության, հանգամանքները խեղաթյուրելու, սուբյեկտիվ և կողմնակալ գնահատելու, իր հետազոտությունները խորությամբ և լրիվությամբ կատարած չլինելու մասին»,- ասաց փաստաբանը.- «Վստահ եմ, որ մեղադրողի այդ դիրքորոշումը լսող յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի մոտ կձևավորի այն համոզմունքը, որ մեղադրողը փաստացիորեն հանդես է գալիս ամբաստանյալների պաշտպանի դերում»։

Ըստ քրեական գործի, ազատամարտիկ Վարդան Թումանյանն անցած տարի հարևանի հետ վիճաբանելուց հետո ծեծի էր ենթարկվել նրա որդու և երկու թոռների կողմից։ Դեպքից հետո 54-ամյա ազատամարտիկը մահացել է։ Դիակի դատաբժշկական առաջին փորձաքննությամբ հաստատվել էր, որ մահը վրա է հասել ծեծի պատճառով։ Մինչդեռ մեղադրյալների պաշտպանի պահանջով նշանակված երկրորդ փորձաքննությունից հետո մասնագետները եզրահանգել էին, որ մահը վրա է հասել կաթվածի հետևանքով։ Սրանից հետո կալանավորվածների մեղադրանքը մեղմացվել էր և նրանք ազատ էին արձակվել, խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

«Տուժող կողմը համոզված է, որ այստեղ առկա է սպանություն։ Նման էական հակասությունների դեպքում դատախազը ասում է, որ հակասություն չկա»,- ասաց փաստաբան Մուրադյանը։

Մահացած ազատամարտիկի կինը՝ Տանյա Մելքումյանն է՛լ ավելի հեռուն գնաց` հայտարարելով, թե դատախազը կաշառված է.- «Ինչո՞ւ պիտի ակնհայտ հակասությունը տեսնելով հանդերձ՝ չտեսնելու տա։ Կաշառքը լինում է տարբեր տեսակի, թե ինչ ակնկալիք ունի Աղայանը, ես չգիտեմ, թե ունեցել է, էդ էլ չգիտեմ։ Բայց փաստերը բաց է թողնում, ինչ-որ պղպջակների, գուշակությունների ետևից է ընկնում, բնականաբար, հենց էնպես դա չէր անի»։

Դատախազը տուժող կողմին խորհուրդ տվեց հայտարարություններ անելու փոխարեն Հատուկ քննչական ծառայություն դիմել։ Դատավորը մերժեց տուժող կողմի առաջարկը՝ դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ։

XS
SM
MD
LG