Մատչելիության հղումներ

logo-print

Օբաման, Պուտինը և ՆԱՍԱ-ի «դավադրությունը»


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում ելույթ ունենալուց հետո հանդիպում են ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներ Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը, Նյու Յորք, 28-ը սեպտեմբերի, 2015թ.

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում ելույթ ունենալուց հետո հանդիպում են ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներ Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը, Նյու Յորք, 28-ը սեպտեմբերի, 2015թ.

Նախագահները խոսել են հիմնականում Սիրիայի և Ուկրաինայի մասին։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի քաղաքական բանավեճի առաջին օրը Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, թերևս, ամենասպասված և կարևոր իրադարձություններից էր։

Ամերիկացիներն ասել են, որ Կրեմլի բազում դիմումների արդյունքում որոշել են ընդառաջել և հանդիպել Պուտինի հետ։ Ռուսներն արձագանքել են, թե պարկեշտ չէ հրապարակել աշխատանքային շփումների թեման և ընդհանրապես, իբր, հենց ամերիկացիներն են առաջարկել կազմակերպել երկու ղեկավարների հանդիպումը։

ՄԱԿ-ում իր ելույթում Օբաման հայտարարել է, որ Սիրիայում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է միջազգային համայնքի, այդ թվում Ռուսաստանի աջակցությունը։

Ուկրաինայի վերաբերյալ նա վերստին դատապարտել է Մոսկվայի գործողությունները՝ նկատել տալով, որ պատժամիջոցներն ու Ռուսաստանի մեկուսացումը հենց ռուսական ագրեսիայի հետևանք են։ Օբաման միաժամանակ ասել է, որ ամերիկացիները բնավ չեն ցանկանում մեկուսացնել ռուսներին։

Նա ասել է, որ հարկավոր չէ հավատալ իբրև թե ամերիկացիների ջանքերով կազմակերպվող «գունավոր հեղափոխությունների» մասին դավադրապաշտական թեզերին, քանի որ դիկտատորական երկրներում նախ և առաջ մարդիկ են ցանկանում ազատ ապրել։

Պուտինն իր հերթին քննադատել է Արևմուտքի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում. նա կոպիտ սխալ է անվանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին գահընկեց անելու փորձերը և իսլամիստների դեմ պայքարում նրա հետ չհամագործակցելու դիրքորոշումը։

Պուտինն ասել է, որ հենց Արևմուտքի ոչ հաշվենկատ ու ագրեսիվ գործողությունների արդյունքում են ի հայտ եկել «Իսլամական պետություն» կազմակերպությունը, արմատական այլ ուժեր, միգրանտների ողբերգությունը և մնացած ավերները։ Նա նաև վերահաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցել բոլոր երկրների հետ։

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ղեկավարների առանձին հանդիպումը տևել է մոտ մեկևկես ժամ։ Պուտինն այդ հանդիպումը որակել է որպես կառուցողական, գործնական և անկեղծ։

«Որոշ հարցերում մեր դիրքորոշումները համընկնում են, որոշ հարցերում ունենք տարաձայնություններ»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ կողմերը դեռ կարող են համագործակցել։

Կոնկրետ պայմանավորվածություններ չկան, բայց կա խնդրի քննարկումը շարունակելու համաձայնություն։

Russia Today հեռուստակայանի թղթակցի հետ զրույցի ընթացքում անդրադառնալով Սիրիային՝ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը ռազմական առումով աջակցելու է այդ երկրի լեգիտիմ ղեկավարին, սակայն ցամաքային զորամիավորում ուղարկելու մասին խոսք անգամ չկա։

Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է նաև ռուս - ամերիկյան հարաբերություններում առկա ներկայիս սառնությունը։

«Դժբախտաբար, այդ հարաբերությունները հիմա չափազանց ցածր մակարդակի վրա են, դա առանց իմ մեկնաբանությունների էլ ակնհայտ է, բայց դա մեր ամերիկացի գործընկերների դիրքորոշումն է, վա՞տ է, թե՞ լավ՝ կարծում եմ` վատ երկու կողմի համար էլ, աշխարհի համար էլ։ Մենք պատրաստ ենք ամբողջությամբ վերականգնել հարաբերությունները, իսկ կոնկրետ այսօրվա հանդիպումը օգտակար էր, և ինչն ամենահաճելին է՝ անկեղծ»,- ասել է Պուտինը։

Հիմա ռուսաստանցի մեկնաբանները պնդում են, որ Պուտինի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առանցքային իրադարձությունն էր։ Առավել «հայրենասեր» գործիչների համոզմամբ, Ռուսաստանը Միացյալ Նահանգների «պորտը տեղը դրեց», ապացուցեց, որ գերտերություն է։

Որոշ հայտարարություններ վկայում են դրանց հեղինակների ոչ ադեկվատ աշխարհընկալման մասին։ Պետական դումայի կրթության հանձնաժողովի նախագահ, քաղաքական վերլուծաբան Վյաչեսլավ Նիկոնովը ՏԱՍՍ լրատվական գործակալությանն ասել է, թե ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերքի հետազոտության ազգային գործակալությունը՝ NASA-ն, Մարսի վրա ջրի գոյության մասին սենսացիոն հաղորդագրությունը երեկ հրապարակել է ՄԱԿ-ում Պուտինի ելույթից հանրության և մամուլի ուշադրությունը շեղելու համար։

«Պուտինի ելույթը ՄԱԿ-ի կենտրոնական բաղադրիչն էր, ուրեմն պետք էր նրա խոսքն ինչ-որ շատ լուրջ բանով կտրել»,- հայտարարել է ռուսաստանցի պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG