Մատչելիության հղումներ

Շաբաթներ առաջ հիվանդանոցում մահացած 70-ամյա Ռոլանդ Զոհրաբյանի հարազատները պնդում են, որ նրան մահվան են հասցրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի բժիշկները, որոնք 13 օր հիվանդին պահելուց հետո դուրս են գրել առանց հստակ ախտորոշման:

Հիվանդի ինքնազգացողությունը տանը վատացել է, տեղափոխել են Համալսարանական թիվ 1 կլինիկա, որտեղ հեռացվել է քայքայված երիկամը։ Սակայն վիրահատությունից օրեր անց հիվանդը մահացել է: Ողջ այդ ընթացքում, ըստ հարազատների, իրենք բազմիցս են խնդրել, որ բժիշկները կրկնակի հետազոտում անեն, ինչին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում մեկ պատասխան են տվել՝ ամեն ինչ լավ է:

«Եթե դուք վստահ չեք ու չեք կարողանում գտնել ախտորոշումը, կարող էիք պարզապես ասել՝ մենք չենք հասկանում ինչն է խնդիրը։ Մասիվում մինչև վերջին օրը մենք լսեցինք՝ լավ ա, շատ լավ ա, հանգիստ եղեք, ամեն ինչ լավ կլինի, ու գնում ենք ուրիշ հիվանդանոց, մեզ միանգամից ասում են՝ ծայրահեղ վատ վիճակում է, ու հույս չեն տալիս։ Մեզ ասում են՝ ձեր հայրիկին ժամեր է մնացել»,- պատմեց մահացածի դուստրը՝ Մերի Զոհրաբյանը։

Հարազատները դժվարանում են հավատալ բժշկական փաստաթղթում նշված հիմնավորմանը, թե շաբաթներ առաջ 70-ամյակը երգ ու պարով նշած, առույգ մարդը մահացել է արյան սեպսիս շոկի ու քայքայված երիկամի պատճառով:

Հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանը հասկանում է նրանց դժգոհությունը՝ մարդիկ հայր են կորցրել: Ընդհանուր թերապիայի բաժանմունքի վարիչ Կարինե Մարկոսյանը նույնն է ասում, բայց նշում է՝ շուրջ 40 հետազոտություն է կատարվել, հիվանդը մշտապես ուշադրություն կենտրոնում է եղել, անտարբերության մասին խոսք չի կարող լինել: Իրենք պարզել են, որ հիվանդը միզուղիների բորբոքում ու սրտի խնդիր ունի, դեպքն արտառոց է, ասում է բժիշկը։

«Արտառոց էր այն առումով, որ հստակ դիագնոզը չդրվեց, որ ասվեր՝ այ, պոչկայի աբսցես է, ո՛չ։ Եվ ինչքան գիտեմ, հետագայում էլ էդպես հստակ չի եղել պատասխանը։ Ես հասկանում եմ հարազատների վիշտը և բացասական մոտեցումը մեր նկատմամբ, բայց ուզում եմ ասել, որ հիվանդը առաջին օրվանից եղել է ուշադրության կենտրոնում, եղել է բարդ հիվանդ, ունեցել է անորոշ ջերմություն, շատ դժվար էր ախտորոշել»,- ասաց Մարկոսյանը։

13 օր շարունակված բուժումներից հետո հիվանդը դեռ թուլություն է ունեցել, պատմում է բժիշկ Մարկոսյանն ու ընդգծում, թե հարազատներն իրենց կամքով են լքել հիվանդանոցը, թեպետ իրենք զգուշացրել են, որ դեռ վաղ է.- «Ես մոտեցել եմ, ասել եմ, որ դեռ թույլ եք, ուզում եմ՝ մի քանի օր մնաք, որպեսզի ավելի ամրապնդվի դրական արդյունքը, որը ստացել ենք էս 12 օրվա ընթացքում։ Հիվանդը ասաց՝ շատ գոհ եմ ձեզանից, մի փոքր թույլ եմ, բայց ջերմություն չունեմ, տանը ավելի լավ կվերականգնվեմ։ Մենք պայմանավորվել ենք, որ պետք է կապի մեջ լինենք, դեղորայք ենք գրել, որ տանը շարունակի ընդունել, էնպես չէ, որ մենք ասել ենք՝ լրիվ լավ եք, կարող եք որպես առողջ մարդ գնալ տուն»։

Մահացածի դուստրը, մինչդեռ, հակադարձում է՝ «թող ստորագրություն պահանջեին մեր կամքով դուրս գրվելու համար».- «Մենք բարձր ջերմությամբ տուն ենք գալիս, բաժնի վարիչը այդ օրը ժպիտով մտնում է և հարց է տալիս՝ իսկ չէիք ուզի՞ մի երկու օր էլ մեզ մոտ մնալ։ Անփութություն, անտարբերություն և մատների արանքով նայել։ Սա բաժնի վարիչի ասա՞ծ է։ Հետո էլ ասում են՝ մենք չենք ուզեցել էնտեղ մնալ, անտարբեր ձևով թողնում են, որ դուրս գան։ Եթե մենք ենք դուրս եկել մեր նախաձեռնությամբ, վերցնեիք ստորագրություն»։

Բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել են Առաջին հիվանդանոցում կատարված վիրահատության մանրամասներն ու հիվանդի բժշկական փաստաթղթերը. պարզվել է, որ մահացածի երիկամը եղել է բորբոքված։ Ուսումնասիրության ամբողջական պատասխանը պատրաստ կլինի միայն վաղը:

Տնօրինությունից պատրաստ են հարազատներին վերադարձնել բուժման համար մուծած պետական գումարները: Դուստրը, սակայն, կտրականապես մերժում է այդ առաջարկը, դժգոհելով՝ եթե 13 օր պահելու փոխարեն բժիշկները միանգամից ասեին, որ չեն կարող օգնել, իրենք գուցե արտերկրում կարողանային հոր կյանքը փրկել։

XS
SM
MD
LG